Մատչելիության հղումներ

2026-ը, ըստ Փաշինյանի, վճռական է լինելու խաղաղության համար, ընդդիմությունից պնդում են՝ խաղաղություն չկա


2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչով է տարին կարևոր:

«Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններն, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի քան երեք տարի բանակցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց: Փաշինյանը փաստաթղթի ստորագրման հեռանկարից այսօր ոչինչ չասաց, փոխարենը դարձյալ պնդեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Իսկ որպեսզի խաղաղությանը ոչինչ չսպառնա, Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ մարդիկ պետք է ընտրություններին կրկին ՔՊ-ին քվե տան:

«Հակառակը, Հայաստանը ետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակի, իր ինքնիշխանությանը, իր պետությանը», - ընդգծեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի հայտարարություններից տարակուսած են ընդդիմադիրները. ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը, որի օրոք եղել է 44-օրյա աղետալի պատերազմը, հայաթափվել Արցախը, ներկայանում որպես խաղաղություն բերող: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հարցնում է՝ իսկ ո՞վ է դեմ խաղաղությանը, իրենց քննադատությունն այն է, որ ադրբեջանական պահանջները բավարարելով չի, որ խաղաղություն են հաստատում:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է. «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես խաղաղություն եմ ուզում, եթե ինձ դեմ եք, նշանակում է՝ խաղաղությանն եք դեմ։ Չէ, մենք իրա վարած քաղաքականության ենք դեմ հենց այն պատճառով, որ խաղաղություն չի բերելու, չի հաստատվելու։ Հաստատվելու է շատ խախուտ զինադադար, որ Ադրբեջանը ցանկացած պահին խախտելու է հերթական զիջումը պարտադրելու համար»:

Մինչդեռ, վարչապետն այսօր հաստատված խաղաղության պարամետրերն էր թվարկում՝ մեկ տարի ութ ամիս է՝ սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել, Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները: Սա Փաշինյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանի ապաշրջափակման առաջին փուլն է: Երևանն էլ դարձյալ շեշտեց՝ այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը:

«Մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով: Այսինքն՝ ես սա ինչո՞ւ եմ ընդգծում, քանի որ սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել», - ասաց Փաշինյանը:

Եվ մինչ Ադրբեջանով Հայաստան կհասնի ղազախական ցորենը, Մոսկվայից հայտարարում են՝ Ադրբեջանը հաստատել է ռուսական ապրանքները Հայաստան տարանցելու հնարավորությունը:

Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է երեկ այս մասին մանրամասներ հայտնել. «Երկու օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց իր երկաթուղիները օգտագործելու հնարավորությունը՝ ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման համար։ Այս առումով մենք շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։ Ներկայումս «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորի գնահատմամբ՝ Բաքվի այս որոշումներից հետո հաստատվեց իրենց այն պնդումը, որ Ադրբեջանը Վաշինգտոնում ստացել է իր պահանջած ճանապարհը:

«Վերջիվերջո, բացահայտվեց փոխադարձ առավելության առեղծվածը: Մենք ի՞նչ էինք ասում, ասում էինք՝ դուք Ադրբեջանին անխոչընդոտ անցում եք տալիս, անունն ինչ ուզում եք դրեք, բայց դա հենց «միջանցքն» է, դա էլ է անխոչընդոտ հաղորդակցություն ենթադրում, փոխարենը ադրբեջանցիները խոստացել են ինչ-որ փոխադարձ առավելություն: Հիմա պարզ դարձավ, որ այդ ինչ-որ փոխադարձ առավելությունը ընդամենը տրանզիտն է, սա է խնդիրը», - շեշտեց Արթուր Խաչատրյանը:

Վարչապետը վստահեցրեց՝ վճռական են արագ հասնել «Թրամփի ուղու» իրագործմանը, բայց հստակ ժամկետ չնշեց:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG