Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի, Տալլինում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ: Ավելին, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ..., և իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ», - Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին հարցին:
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ այդ հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա, հիշեցրեց, որ իր ղեկավարած կառավարությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է չկառուցել մեկ ուղղությամբ արտաքին քաղաքականություն:
Որպես դրա արտահայտություններից մեկը նա նշեց Հայաստանում վերջերս ընդունված՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ օրենքը:
Էստոնիայի վարչապետն իր հերթին շեշտեց, որ բարեփոխումների առումով հարաբերությունները Եվրամիության հետ խորացնելը կարող է շատ լավ խթան լինել։
«Եթե տեսնենք, թե ինչ է արդեն իսկ տեղի ունեցել, ինչ քայլեր են արդեն իսկ արվել՝ ազատվել ռուսական ազդեցությունից, որոշումներ կայացնել սահմանային պաշտպանության հետ կապված, այս գիտակցված ընտրությունը՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, կարծում եմ՝ սրանք սկզբունքային որոշումներ ու ընտրություններ են, և պարոն վարչապետը նկարագրեց, որ սա նաև շատ տարածված աջակցություն է վայելում հայ ժողովրդի շրջանակներում», - ասաց Քրիստեն Միխալը:
Նա նաև շեշտեց Ուկրաինային աջակցության կարևորությունը, հավելելով, որ «Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ պետք է ավելի լավ, ավելի վճռական» լինի այդ աջակցությունը Կիևին և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022թ.-ից հետո: Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես այդ ժամանակ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
Երևանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող վարչապետ Փաշինյանն այսօր ավելի վաղ հանդիպել է նաև Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Նրանք անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: