Մատչելիության հղումներ

Հայաստանը ձերբակալված բելառուսցիներից մեկին հնարավոր է փոխանցի Մինսկին

Լրացված

Լուսանկարը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Լուսանկարը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

Բելառուսի հետախուզվող քաղաքացիներին արտահանձնելու մասին գլխավոր դատախազների քննարկումից օրեր անց Հայաստանը մեղադրյալներից մեկին հնարավոր է փոխանցի այդ երկրի իրավապահներին: Աննա Վարդապետյանն ու Անդրեյ Շվեդն անցած շաբաթ Երևանում էին հանդիպել, ըստ Մինսկի, քննարկել կասկածյալների կամ դատապարտվածների արտահանձնման հարցը։

36-ամյա Վլադիմիր Բալանդինի հնարավոր արտահանձնման մասին նրա պաշտպան Անի Չատինյանն է ահազանգում:

«Գտնվելով Վանաձոր քրեակատարողական հիմնարկում՝ իմացել է այն մասին, որ շուտով ինքը պետք է արտահանձնվի, այդ նպատակով իրեն տեղափոխել են արդեն Երևանում գործող քրեակատարողական հիմնարկներից մեկը», - պատմեց Չատինյանը:

Բելառուս քաղաքացին Բագրատաշենի անցակետում է ձերբակալվել ու արդեն 7 ամիս է՝ անազատության մեջ է: Նա, ըստ Մինսկի, յուրացման համար է մեղադրվում: Մինչդեռ պաշտպանները պնդում են՝ կահույքագործ Բալանդինը հետապնդվում է Բելառուսի նախագահի դեմ կազմակերպած 2020 թվականի ցույցերին մասնակցելու համար:

«Հետապնդումը վերջինիս նկատմամբ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքն էլ բազմահազար քաղաքացիների նման որոշել է մասնակցել երկրում տիրող ցույցերին, հավաքներին, երթերին», - նշեց Անի Չատնիյանը:

Հայաստանի գլխավոր դատախազությունը Վլադիմիր Բալանդինին հանձնելու որոշումը դեռ մայիսի 31-ին էր կայացրել: Դատախազությունից հայտնել են, թե Բելառուսի գլխավոր դատախազությունը տրամադրել է նրա իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներ: Բելառուսցու պաշտպանները, սակայն, կասկած չունեն՝ արտահանձնման դեպքում երիտասարդի իրավունքները կխախտվեն իր երկրում:

Հենց այդ պատճառով էլ արտահանձնումը թույլատրող դատախազության որոշումը վիճարկել են հայաստանյան դատարաններում, սակայն ապարդյուն։

«Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով իրավական, ժողովրդավար երկիր, չպիտի կատարի ապօրինի պահանջները բռնապետերի կամ ոչ ժողովրդավար երկրների, մի երկրի, որտեղ Քրեական օրենսգրքում դեռ որպես պատժի միջոց նախատեսված է մահապատիժ, որտեղ համատարած իրավունքների խախտման խայտառակ իրավիճակ է», - ասաց Բալանդինի պաշտպանը:

Միջազգային հեղինակավոր կառույցները, նաև ԱՄՆ պետդեպը պարբերաբար բարձրաձայնում են Բելառուսում մարդու իրավունքների խախտումների, իրավապահների կողմից խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի, կյանքին սպառնացող բանտային պայմանների ու կամայական ձերբակալությունների մասին։ ԱՄՆ արտաքին գերատեսչության վերջին զեկույցի համաձայն՝ այդ երկրում դատական իշխանության անկախության հետ կապված լուրջ խնդիրներ կան։

Գլխավոր դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել 7 ամիս անազատության մեջ գտնվող Վլադիմիր Բալանդինին արտահանձնելու որոշումը, իսկ նրա պաշտպանությունը ստանձնած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից պնդում են՝ որոշումն ապօրինի է։

Ըստ իրավապաշտպան կառույցի՝ այն քաղաքական պայմանավորվածությունների հետևանք է։

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այս ամենին զուգահեռ վարույթ է ընդունել Վլադիմիր Բալանդինի կողմից ապաստան հայցելու մասին դիմումը», - նշեց Չատինյանը:

Պաշտպանն ասում է՝ Բալանդինի արտահանձնումը հնարավոր է չեղարկվի, եթե Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նրան ապաստան տրամադրի։ Մինչ դիմումի քննարկումն էլ, ըստ Չատինյանի, արտահանձնումը կկասեցվի։

«Ազատություն»-ը Միգրացիայի ծառայությանը հարցում է ուղարկել Բալանդինի դիմումի ընթացքի մասին, սակայն գերատեսչությունից որևէ տեղեկություն չեն հայտնում՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը։

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ Բելառուսի առնվազն ևս երկու քաղաքացու արտահանձնման պահանջ է եղել Մինսկից, սակայն դրանք հայկական կողմը չի բավարարել. հետախուզվող բելառուսցիները Հայաստանում փախստականի կարգավիճակ են ստացել։ Նրանք հետախուզվում են զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Մինչդեռ իրավապաշտպանները պնդում են՝ քրեական գործերը նրանց նկատմամբ հարցուվել են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի դեմ կազմակերպված ցույցերին մասնակցելու պատճառով։

XS
SM
MD
LG