Մատչելիության հղումներ

Հայաստանից քաղաքական ապաստան խնդրող 24-ամյա բելառուսցին 40 օրով կալանավորվել է


Յարոսլավ Նովիկովը
Յարոսլավ Նովիկովը

Բելառուսի 24-ամյա քաղաքացին, որ Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրում, օրերս այստեղ 40 օրով կալանավորվել է և գտնվում է Վանաձորի բանտում։

«Այս փուլում լուծվում է միայն նրա պահման, ժամանակավոր կալանքի տակ վերցնելու խնդիրը: Հանձնման վերաբերյալ պատշաճ իրավական ակտերը դեռևս չեն ստացվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Յարոսլավ Նովիկովի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա խոսքով՝ արտահանձնման պահանջ Հայաստանը Բելառուսից դեռ չի ստացել, ստանալուն պես, թերևս, իր պաշտպանյալին կարտահանձնեն, եթե երիտասարդին քաղաքական ապաստան չտան։

Նովիկովին ձերբակալել են հայ-վրացական սահմանին, տեղեկացրել, որ հայրենիքում մեղադրվում է բանակից խուսափելու համար։

Փաստաբանը գիշերն է տեսակցել պաշտպանյալին։ Նա պատմել է, որ Վրաստանում մնալու ժամկետը լրացել էր, դրա համար էր որոշել գալ Հայաստան։ Երիտասարդն ասել է՝ եթե իրեն արտահանձնեն Բելառուս, կտանեն բանակ՝ սահման, որտեղ վտանգ կա, որ կարող է մասնակցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին՝ չնայած պաշտոնական Մինսկը հերքում է իր մասնակցությունը պատերազմին։ Կամ էլ կազատազրկվի 2020 թվականին ընդդիմությանն աջակցելու համար։ Պնդել է, թե հենց այս մտավախությունների պատճառով է լքել հայրենիքը։

«Կամ ներկայանում ես զինկոմիսարիատ, միութենական զորախմբի կազմում գնում ճակատ, կամ, եթե չես ցանկանում, ցանկանում ես ծառայել բելառուսական զորքերի կազմում, ապա քեզ հիշեցնում են, որ 20 թվականին դու եղել ես այս շարժման մեջ: Այսինքն՝ դու ընտրելու տարբերակ չունես», - նշեց Պապիկյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Նովիկովը 2020 թվականին աջակցել է երկրի նախագահի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիճահարույց վերընտրությունից հետո սկսված պայքարին։ Արայիկ Պապիկյանը զրուցել է Բելառուսի վտարանդի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակի ղեկավարի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել երիտասարդին։ Նրանով զբաղվում է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

«Ես ինքս կապի մեջ եմ գտնվել Բելառուսի ընդդիմության կողմից հայտարարված միասնական անցումային կառավարության գրասենյակի՝ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակի հետ, ինչպես նաև Բրյուսելում գտնվող «Ժողովրդավարական Բելառուս» առաքելության ղեկավարի հետ: Մենք նաև հեռախոսազրույց ենք ունեցել, նրանք հայտարարեցին, որ իրենք իրենց աջակցությամբ հանդես կգան», - ասաց փաստաբանը:

Յարոսլավ Նովիկովը Բելառուսից Վրաստան է տեղափոխվել ուղիղ մեկ տարի առաջ։ Այդ ժամանակ նրա նկատմամբ որևէ մեղադրանք չի եղել, և նա կարողացել է դուրս գալ երկրից, ասում է փաստաբանը։ Պատմել է, որ տեսողության պատճառով տարկետում էր ստացել, վիրահատվել և հաջորդ զորակոչի մասին որևէ ծանուցում չէր ստացել, երբ որոշել էր հեռանալ հայրենիքից։

«Յարոսլավի նկատմամբ ժամանակավոր կալանավորում 40 օր ժամկետով Հայաստանի դատարանը կիրառել է դատախազի միջնորդության հիման վրա՝ ղեկավարվելով կամ հիմք ընդունելով Բելառուսի քննիչի որոշումը, այն դեպքում, երբ փաստորեն Հայաստանի դատարանը և Հայաստանի դատախազությունը առաջնորդվում է ոչ թե պայմանավորվող պետության դատարանի որոշմամբ, այլ՝ քննիչի որոշմամբ: Ցանկացած փաստաթուղթ, որը պետք է օգտագործեն իր դեմ, քննիչը կարող է գրել և ստորագրել, կեղծել ցանկացած ամսաթիվ և ցանկացած փաստաթուղթ, որը պետք է իրենց», - ընդգծեց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանը բողոքարկել է Նովիկովին կալանավորելու որոշումը, հիմա էլ սպասում է քաղաքական ապաստանի վերաբերյալ Միգրացիոն ծառայության պատասխանին։

Գլխավոր դատախազությունը, որի միջնորդությամբ է դատարանը կալանավորել բելառուսցի երիտասարդին, այսօր որևէ տեղեկատվություն չփոխանցեց:

XS
SM
MD
LG