Մատչելիության հղումներ

Հայ-վրացական սահմանից բերման ենթարկված բելառուսցի կինն ազատ է արձակվել


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Երեկ հայ-վրացական սահմանից բերման ենթարկված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի փոխոստիկանապետ Արփինե Սարգսյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:

«Ազատ է արձակված, մնացյալը՝ Դատախազությունից», - ասաց փոխոստիկանապետը:

Դիանա Մոիսեենկոյին հայրենիքում մեղադրում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցերին մասնակցելու համար: Անցած տարվա հուլիսից Մինսկը նրա դեմ հետախուզում է հայտարարել, ինչի պատճառով էլ հայաստանցի իրավապահները նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր հատել հայ-վրացական սահմանը:

Ազատ արձակվելուց հետո Դիանան «Ազատությանը» պատմեց՝ Թբիլիսից գալիս էին Երևանը տեսնելու, սահմանային անցակետում, սակայն, նրան սկսել են տարբեր հարցեր տալ, այդ թվում, թե վերջին անգամ երբ է եղել Բելառուսում:

«Որից հետո ինձ խնդրեցին անցնել գրասենյակ, ինչ-որ գործողություններ սկսեցին, մանրամասներ չեն ասել: Աշխատակիցներն ասում էին, թե իրավասու չեն ինձ տեղեկություններ հայտնել, ինչից հետո մոտեցել են իրավապահները և ինձ բացատրել, որ ես հետախուզվում եմ Բելառուսում, և ինձ պետք է տանեն մոտակա բաժանմունք», - փոխանցեց Մոիսեենկոն:

Արդեն բաժանմունքում հայ ոստիկանները նրան հայտնել են՝ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, և կա հարուցված քրեական գործ: Թեև բերման ենթարկելուց 9 ժամ անց ազատ են արձակել, բայց այս պահին Մոիսեենկոյին արգելված է Հայաստանից հեռանալ: Թե ինչ ժամկետով, ասաց՝ անորոշ է:

Գլխավոր դատախազությունից ևս կնոջ կարգավիճակի, երկրից դուրս գալու վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեցին:

Դիանան ասում է՝ տեղյակ էր, որ բելառուսցի իրավապահների ուշադրության կենտոնում է, բայց որ հետապնդվում էր, չի իմացել: Իսկ հայ իրավապահների գործողություններից գոհ էր. - «Ինձ հետ շատ հարգալից էին, սուրճ հյուրասիրեցին, ասացին, որ չանհանգստանամ, ամեն ինչ լավ կլինի, ասացին՝ ամբողջ տեղեկատվությունը կփոխանցեն իմ հարազատներին, որ ոչ ոք չանհանգստանա»:

Լուկաշենկոյի ընդդիմախոս, վտարանդի գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակից հայտարարել են՝ կապի մեջ են պաշտոնական Երևանի հետ և հավաստիացումներ են ստացել, որ հայկական կողմը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող Բելառուսի քաղաքացուն:

Տիխանովսկայայի գրասենյակը պնդում է, որ այդ հարցով աշխատում են Հայաստանի արտգործնախարարության հետ: Ինչ քննարկումների մասին է խոսքը, և տվել է արդյոք Երևանը նման խոստում` Արտգործնախարարությունը դեռ չի հստակեցնում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մինչ այդ, պնդում է՝ եթե խնդիրն իսկապես քաղաքական է, երիտասարդ կնոջը չպետք է արտահանձնել:

«Էդ մարդը ինչի՞ համար է հետախուզվում: Եթե քրեական, ֆինանսական, տնտեսական, չգիտեմ, ինչ-որ հանցագործությունների, հավանական հանցագործությունների համար է հետախուզվում, ապա ես կարծում եմ, որ պետք է արտահանձնել: Իսկ եթե ակնհայտ լինի, որ էդ մարդը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար, իր գործունեության համար, ես անթույլատրելի կհամարեմ, որպեսզի մեր իշխանությունները արտահանձնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղազարյանը:

Միջադեպը տեղի է ունեցել երկու երկրների միջև աննախադեպ սրված դիվանագիտական հարաբերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքների ֆոնին: Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ անուղղակի մեղադրել էր Բելառուսին Արցախի դեմ պատերազմը նախապատրաստելու հարցում Ադրբեջանին աջակցելու համար: Փաշինյանը նաև հայտարարել էր, թե չի այցելի այդ երկիր այնքան, քանի դեռ Լուկաշենկոն է նախագահ:

Հովիկ Աղազարյանը կարծում է՝ անկախ քաղաքական գործընթացներից, իրավապահները պետք է գործեն ըստ օրենքի և ցանկացած հետախուզվողի բերման ենթարկեն: Դա, պատգամավորի ընկալմամբ, Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի:

«Հայաստանը իրավական պետություն է և ինքը ամենայն լրջությամբ է կատարում էն պարտավորությունները, որ ինքը ունի ինչպես իր քաղաքացիների նկատմամբ, այնպես էլ միջազգային հարաբերություններում», - ընդգծեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

Թե երբ Հայաստանի իրավապահները Միոսեենկոյին թույլ կտան լքել Հայաստանի տարածքը, հստակ չէ: Իսկ թե ինչ հիմքով են նրա տեղաշարժը սահմանափակել, ո՛չ Ոստիկանությունը, ո՛չ Դատախազությունը դեռ չեն պարզաբանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG