Մատչելիության հղումներ

«Հայաստանին ուղղված բացահայտ սպառնալիք». վերլուծաբանները՝ Պեսկովի հայտարարության մասին


Հայաստանին ուղղված բացահայտ սպառնալիք. Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունն այսպես է մեկնաբանում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

Դմիտրի Պեսկովը, խոսելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու՝ ԵՄ որոշումից, հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

Ռուսաստանն արդեն 2 տարուց ավելի Ուկրաինայի դեմ է պատերազմում, ամիսներ շարունակ նաև Երևանն ու Մոսկվան են կոշտ հակադարձումներ փոխանակում, հայերը դժգոհ են դաշնակցային պարտավորությունները չկատարելուց, ռուսները՝ Եվրոպական դիտորդների ժամանումից, Արևմուտք - Հայաստան կապերի ջերմացումից, հիմա նաև եվրոպական օգնությունից։

Արմինե Մարգարյանը Պեսկովի խոսքերի տողատակում հետևյալ ուղերձն է տեսնում՝ եթե Հայաստանը շարունակի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու համար նոր դաշնակիցներ փնտրել, կարժանանա Կիևի ճակատագրին։ Վերջին շրջանում Հայաստանը զենք է գնում Հնդկաստանից ու Ֆրանսիայից, Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել։

«Հարմար պահի նորից Ռուսաստանը կարող է Ադրբեջանին գործիքայնացնել այս առումով և որոշակի լարվածություն լարել, նույնիսկ չեմ բացառում, որ դա լինի այն հատվածներում, որտեղ, օրինակ, մենք դելիմիտացրել, դեմարկացրել ենք մեր սահմանները, որպեսզի ցույց տա, որ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը առհասարակ որևէ օգուտ չի տալիս տարածաշրջանին, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ որևէ գործընթաց առաջ մղել: Եվ երկրորդ գործիքը, որ Ռուսաստանն օգտագործում է, տնտեսական ու էներգետիկ պատժամիջոցներն են, սպառնալիքներ են, որովհետև մեր տնտեսությունը չափազանց կախված է Ռուսաստանից», - նշեց Մարգարյանը:

Ամիսներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել ռուս-ադրբեջանա-թուրքական պայմանավորվածությամբ հնարավոր էսկալացիան։

«Մեր ամենամեծ մտահոգությունը, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածը արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ», - ասել է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սպառնալիքներ բանեցնելու գործիքները շատ են, ասում է Արմինե Մարգարյանը, կարևոր համարում Ռուսաստանի հետ աշխատելը:

«Պետք է հնարավորինս կոնստրուկտիվ դաշտում կարողանալ ռուսներին ներկայացնել, թե որն է տարբերությունն այս պարագայում Ուկրաինայի և Հայաստանի միջև, որ Հայաստանն ամենևին չի պատրաստվում ապագայում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, որ միջավայրն այնքան անկայում է և հակվածությունը մեծ է ուժի կիրառման՝ տարբեր պետությունների կողմից, որ Հայաստանը պարտավոր է դիվերսիֆիկացնել իր անվտանգային համակարգերն ու արտաքին քաղաքականությունը, և դրանք չեն արվում Ռուսաստանի դեմ, բայց Հայաստանի անվտանգային շահերը կարող են հակադիր լինել նաև ռուսական ազգային անվտանգային շահերին», - ընդգծեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը:

Ի՞նչ վտանգ կարող է սպառնալ Հայաստանին

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Պեսկովը սպառնում է, զգուշացնում է, թե լռում է, Երևանն ինքը պետք է ուրիշների սխալներից դասեր քաղի։ Հայ-ռուսական հարաբերությունները երկար ժամանակ է լարված են՝ ինչո՞ւ է հիմա հնչում նման հայտարարություն։ Բադալյանը կարծում է՝ երկու երկրների միջև կա փոխըմբռնում՝ չստեղծել միմյանց համար կենսական, ռազմավարական ռիսկեր, բայց նաև չկա վստահություն:

«Իհարկե, մենք կարող ենք ասել՝ Ռուսաստանը սպառնում է, զգուշացնում է, բայց մենք տեսնում ենք, թե ինչպիսին է լինում Մոսկվայի արձագանքը, երբ կենսական շահերի գոտում առաջանում են ռիսկեր և վտանգներ: Մենք ունենք նաև հարևան Վրաստանի օրինակը. թե՛ իրենց մաշկի վրա զգալուց հետո, 2008 թվականը նկատի ունեմ, և թե՛ ուկրաինական օրինակը տեսնելով մտածեցին, որ Վրաստանը չպետք է դառնա պոլիգոն՝ Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացելու համար: Նույն մարտահրավերը Հայաստանի առաջ է, Հայաստանն էլ չպետք է դառնա պոլիգոն», - ասաց Բադալյանը:

Ի՞նչ վտանգ կարող է սպառնալ Հայաստանին. թե՛ Արմինե Մարգարյանը, թե՛ Հակոբ Բադալյանը կարծում են՝ ռուսները Հայաստանի դեմ կարող են օգտագործել Ադրբեջանին:

«Ադրբեջանն անկասկած սպասում է դրան և կլինի նաև Թուրքիան, այս պարագայում Հայաստանը կստանա Արևմուտքից աջակցող հայտարարություններ, գուցե նույնիսկ զենք ստանա, ինչպես Ուկրաինան, բայց հիմա տեսնենք, թե Ուկրաինան իր այդ ահռելի աջակցությամբ որպես պետություն ինչ վիճակում է այսօր», - նշեց Բադալյանը:

«Ազատության» հարցին՝ Հայաստանն այդ հաշվարկներն անո՞ւմ է, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց. - «Հայ-ռուսական հարաբերությունը կառուցվում է փոխադարձ գործնական շահի վրա՝ տնտեսությունն է, տնտեսական էֆեկտը: Իսկ ռազմաքաղաքական առումով կողմերն արդեն միմյանց տվել են տակտիկական ազատություն՝ նաև պայմանավորվելով, որ չեն ստեղծում իրար համար ռազմավարական կենսական ռիսկեր: Սա պարզապես աշխարհագրությունից և աշխարհաքաղաքականությունից բխող իրավիճակ է, որը Հայաստանը ուղղակի պետք է հաշվի առնի՝ անկախ նրանից կլռեն, կխոսեն, կզգուշացնեն, թե կսպառնան»:

Մեկ տասնյակից ավելի իշխանականներ կա՛մ չէին պատասխանում հեռախոսազանգերին, կա՛մ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում անդրադառնալ Կրեմլից հնչած զգուշացմանը։ Արձակուրդում գտնվող վարչապետ Փաշինյանի աշխատակազմն էլ մինչև այս պահը չի արձագանքել Պուտինի խոսնակի հայտարարություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG