Մատչելիության հղումներ

Բաքուն սպասում է Երևանի հայտարարությանը՝ «ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր»


Բաքուն սպասում է Երևանի հստակ հայտարարությանը՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ, Ադրբեջանի նախագահի ձևակերպմամբ, իրենց պատմական հողեր։ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա-ֆորումի ընթացքում՝ արձագանքելով ռուսական առաջին ալիքի նախկին, այժմ անկախ լրագրող ներկայացող Մաքսիմ Շևչենկոյի հարցին։

«Մենք Հայաստանի իշխանություններից սպասում ենք հստակ հայտարարություն այն մասին, թե ինչպես կարող են ներկայիս Հայաստանի տարածքից վտարված Արևմտյան Ադրբեջանի բնակիչները կամ էլ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր, այցելել կամ էլ ապրել այդ տարածքներում։ Առավել ևս, որ մեր բավական հավաստի տեղեկություններով, այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրել են ադրբեջանցիները, հիմա դատարկ են», - ասել է Ալիևը

Ադրբեջանական պետական քարոզչամեքենան Հայաստանի տարածքի մի զգալի մասը, այդ թվում՝ Երևանը, Սևանը, հարակից հատվածները, Սյունիքը համարում է, այսպես կոչված, պատմական Ադրբեջանի մաս՝ այն կոչելով Արևմտյան Ադրբեջան։ Ընդ որում՝ ռուս լրագրողը Ալիևին հարցն ուղղելիս նույնությամբ օգտագործում էր Բաքվի վարչակազմի ձևակերպումները, օրինակ, Սևանը համարելով, մտացածին Արևմտյան Ադրբեջանի տարածք, որտեղ իբր դարերով ադրբեջանցիներ են ապրել:

Նույն լրագրողի հարցին պատասխանելիս Ալիևն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայերի թեմային. 2023-ի աշնանն Արցախի վրա ռազմական հարձակում սկսած երկրի առաջնորդը դարձյալ պնդել է, թե Բաքուն տեղի հայ քաղաքացիներին մի քանի անգամ առաջարկել է վերաինտեգրվել Ադրբեջանի հասարակությանը՝ պայմանով, որ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։

«Այսինքն՝ մենք մաքսիմալ կառուցողական էինք հայ քաղաքացիների անվտանգության ապահովման առումով, որոնք ապրում էին Ղարաբաղում այն ժամանակ, երբ այն մեր վերահսկողության տակ չէր», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հեգնելով գոհունակություն է հայտնել Հայաստանի վարչապետին, որ նա հիմա Ղարաբաղը Ադրբեջան է անվանում։ Ալիևի խոսքով՝ հիմա պետք անցնել գործնական քայլերի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթ համաձայնեցնել ու փոխել Սահմանադրությունը։

«Ցանկանում եմ ասել, որ սա նրանց գործերին միջամտել չէ։ Ոչ։ Հայաստանի Սահմանադրությունը հղում ունի Հայաստանի անկախության հռչակագրին, որը հստակորեն տարածքային վտանգ է Ադրբեջանի համար, քանի որ դրանում խոսվում է Հայաստանի ու, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին», - Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա-ֆորումին մասնակցող թուրք լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Ալիևը։

Լրատվամիջոցների ազատությամբ միջազգային սանդղակներում վատագույն հորիզոնականները զբաղեցնող Ադրբեջանի իշխանություններն այս մեդիա-ֆորումը Շուշիում անցկացնում են արդեն երկրորդ անգամ։ Այս տարի ֆորումին ավելի քան 80 մեդիա կազմակերպություն է մասնակցել, հյուրերի առաջին շարքերում ռուս ու թուրք լրագրողներ էին, այդ թվում՝ պետական գործակալություններից։

Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին այս հարցերը չհնչեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG