Եվրանաձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ունի, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործության համար։ Այս մասին Եվրամիության գործադիր իշխանության ղեկավարը խոսել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում։
«Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը: Երեք տասնամյակ փակ Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի, քան երբևէ», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Պաշտոնական Անկարան ասում է, որ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-թուրքական սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում։
Հայ և թուրք բանագնացները դեռ 2022-ի հուլիսին Վիեննայում՝ չորրորդ հանդիպման ժամանակ էին պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն մինչ օրս պարզ չէ, թե երբ իրականություն կդառնա այդ պայմանավորվածությունը։
32 տարի առաջ փակված անցակետը երկու անգամ է բացվել։ Առաջին անգամ կամուրջը բացվեց 2023-ի փետրվարին․ Երևանը 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա՝ Ադիյաման քաղաքում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների համար։ Երկրորդ անգամ կամուրջը 10 օրով բացվեց այս տարվա մարտին՝ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու համար։