Մատչելիության հղումներ

Թուրքիան դեռ չի պատրաստվում հարաբերություն կարգավորել Երևանի հետ. գնահատականներ


Ռուբինյանը երեկվա հանդիպումը գնահատել է «լավ», Քըլըչը՝ «կառուցողական», Կլաարը՝ «կարևոր»

Հայ-թուրքական սահմանին երեկվա հանդիպումից Երևանն ու Անկարան պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ մանրամասներ չեն հայտնում, մասնավորապես՝ քննարկվել է արդյոք դեռ երկու տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց։ 2022 թվականին Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպումից հետո հայտնել էին, թե սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայաստանը 1 միլիարդ դրամով անցակետ կառուցեց, սահմանը մնաց փակ։

Ռուբինյանը երեկվա հանդիպումը X-ի էջում գնահատել է «լավ»՝ հայտնելով, որ վերահաստատվել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, և համաձայնեցվել են վստահության ամրապնդման նոր միջոցները, այդ թվում՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք հնարավորություն կտան Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապի գործարկմանը։ Իսկ Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը գրել է, թե կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել են կարգավորման բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները։

Հայ-թուրքական երեկվա բանակցությունները «կարևոր» է որակել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցության ուղիների վերականգնումը կարևոր տարրեր են առավել կայուն ու բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար։

Հանդիպման փաստը քաղաքագետը դրական է գնահատում, միաժամանակ հիշեցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի կապը

Ինքնին փաստը, որ երկու տարվա դադարից հետո կողմերը հանդիպել են, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը դրական է գնահատում, բայց չի շտապում նաև բանակցությունների բովանադակությունում տեղաշարժ տեսնել՝ վկայակոչելով երեկ տարածված երկկողմանի հաղորդագրությունը։

«Կարծում եմ՝ այնուամենայնիվ, դեռևս գործընթացի իմիտացիա է տեղի ունենում, այսինքն՝ երբ նախկին պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել, դու ինչ-որ նոր տեխնիկական բնույթի պայմանավորվածությունների շուրջ ես համաձայնության գալիս, պարզ է, որ բովանդակային առումով լուրջ առաջընթաց տեղի չի ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները երեկ տարածել էին նույն հաղորդագրությունը, թե Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են նախորդ պայմանավորվածությունները, ինչպես նաև որոշել տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։ Երեկ հաղորդվեց նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Այնինչ նախկինում նշվում էր, որ երրորդ երկրների քաղաքացիների հետ սահմանը կբացվի նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։

Երևանն ու Անկարան հերթական անգամ ընդգծել են կարգավորումն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը։ Բայց, քաղաքագետ Գրիգորյանը հիշեցնում է՝ Թուրքիայից էլ, Ադրբեջանից էլ պայման հնչում է՝ նախ խաղաղության պայմանագիր. - «Պարզ է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում լուրջ առաջընթաց չկա, դժվար է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացում ակնկալել ինչ-որ էական արդյունքներ»։

Թուրքիան դեռ չի պատրաստվում հարաբերություն կարգավորել. թուրքագետ

Թուրքագետ Նելլի Մինասյանը ևս համոզված է, որ Թուրքիան դեռ չի պատրաստվում հարաբերություն կարգավորել, հակառակ դեպքում անցած երկու տարում կկատարեր պայմանավորվածությունը։

«Լուրջ պայմանավորվածություններ չեն, որի համար պետք է նախապատրաստական լուրջ աշխատանքներ կատարվեն։ Սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար որևէ բարդություն չի ներկայացնում, և այս չկատարելն առաջին հերթին ցույց է տալիս, որ Թուրքիան առայժմ ինչ-որ, ըստ էության, այլ սպասելիքներ ունի այդ գործընթացից և պատրաստ չէ սահմանը բացել», - նշեց նա։

Միաժամանակ թուրքագետն ընդգծում է, որ երկաթուղու մասին խոսակցության բացումը նոր նրբերանգ է հաղորդում բանակցություններին. - «Հայ թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին պետք է տեղավորել կոմունիկացիաների հետ կապված խնդիրների համատեքստում։ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների քաղաքականությունը, այսինքն՝ այս դեպքում նախապայման կամ պահանջ դնելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այդ քաղաքականությունն Անկարան դեռ կշարունակի»։

Հայ-թուրքական երկաթուղին չի գործում 31 տարի, բայց Թուրքիան որպես ենթակառուցվածքների ապաշրջափակում առաջին հերթին նկատի ունի Նախիջևանի կապը Ադրբեջանի հետ, Էրդողանը պարբերաբար է միջանցքի մասին խոսում։

XS
SM
MD
LG