Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը. Պապիկյան


Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին:

ՊՆ-ից փոխանցում են, որ նախարարն իր ելույթում նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Սուրեն Պապիկյանն այսօր նաև զրույց էր ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ:

The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։

Հրապարակման համաձայն՝ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։

XS
SM
MD
LG