Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը ապաշրջափակման հարցով փորձում են լայն կոնսոլիդացիայի հասնել. քաղաքագետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Եվրամիության և ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ, Երևան, 16-ը հոկտեմբերի, 2024թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Եվրամիության և ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ, Երևան, 16-ը հոկտեմբերի, 2024թ.

Այժմ, երբ խաղաղության բանակցությունները գրեթե տապալված են, իսկ զուգահեռ ակտիվ քննարկվում է տարածաշրջանային ապաշրջափակման հարցը, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են այդ հարցով իրենց նախընտրած տարբերակի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովել: Երեկ կառավարությունում ԵՄ անդամ պետությունների դեսպանների և վարչապետի Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո նման եզրահանգման է եկել քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:

«Մենք տեսնում ենք, որ ինչպես ցանկացած միջազգային գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը առաջ է մղում այդ բրոշյուրը արդեն հայտնի դարձած, այդպես էլ այս հանդիպման ժամանակ փորձ է արվում, կամ այս հանդիպման միջոցով փորձ է արվում ցույց տալ հայկական տարբերակի շուրջ ավելի լայն կոնսոլիդացիա, որը կարող է ինչ-որ զսպիչ քաղաքական մեսիջներ պարունակել կամ ուղարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուքիասյանը:

Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը վարչապետի հետ հանդիպմանը, ըստ Կառավարության լրատվականի, ասել է, թե Բրյուսելն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի գնահատմամբ՝ Արևմուտքն այդ նախագծի միայն արևելք-արևմուտք ուղիների բացմամբ է հետաքրքրված, իսկ Ռուսաստանը՝ հյուսիս-հարավ: Հայաստանն, ըստ նրա, փորձ է արել այդ նախագծով այնքան շատ շահեր մեկտեղել, որ դժվար թե գտնվի մի երկիր, որ ամբողջությամբ կաջակցի դրա բոլոր կետերի իրագործմանը և հանձնառություններ կստանձնի:

«Օրինակ, եթե տեսնում ենք Ադրբեջանի առաջարկը Ռուսաստանին՝ բացել հաղորդակցությունները և ապահովել ռուսական ներկայություն այնտեղ, սրան Ռուսաստանը լիովին կարող է կողմ լինել: Բայց Հայաստանը ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտքին չի առաջարկում այնպիսի մի մոդել, որը լիովին ընդունելի կլինի տվյալ գործընկերոջ համար՝ դա ոչ միայն Ռուսաստանին կամ Արևմուտքին է [վերաբերում], խոսքը նաև Իրանի մասին է կամ այլ հետաքրքրված շահառուների», - նշեց քաղաքագետը:

Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի կառավարությունը ճանապարհների ապաշրջափակման իր ծրագիրն է առաջ մղում, սակայն Ադրբեջանը չի հրաժարվում միջանցք ստանալու իր գաղափարից: Ու թեև կողմերը, չհասնելով համաձայնության, հարցը հանել են խաղաղության նախագծից, բայց դրանից հետո քննարկումներն է՛լ ավելի են թեժացել: Մոսկվան ու Բաքուն մեղադրում են հայկական կողմին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ապապաշրջափակման դրույթը խեղաթյուրելու համար, Երևանը վստահեցնում է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու եռակողմ փաստաթղթով նախատեսված ապաշրջափակման սկզբունքները նույնական են։

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հենց սա էլ առաջիկայում կարող է դառնալ ադրբեջանական հարձակման պատճառ:

«Իմացեք ապագա էսկալացիան ինչի մասին է լինելու՝ լինելու է ճանապարհի պատճառով, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի՝ այ դրա պատճառով, որը որ մենք ասում ենք՝ մենք դուրս չենք եկել, դրա մի մաս ենք, բայց չենք պահանջում մյուս կետերը, ուղղակի բողոքում ենք, որ մյուս կետերը չեն անում, բայց չենք պահանջում, ուշադիր եղեք: ԱԳՆ-ն հայտարարություն է արել, գրել են, որ էս կետը չեն արել, էն կետը չեն արել՝ մոտավորապես նույն բովանդակությունը, ինչ ես խոսում եմ, բայց պահանջ բառ չկա մեջը», - հայտարարել է Մարուքյանը:

Որ COP29-ից հետո Ադրբեջանը կդիմի ռազմական էսկալացիայի, նաև քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը չի բացառում: Ասում է՝ առնվազն երկու օրինաչափություն այդ մասին է վկայում. - «Գնալով ավելի հոռետեսական են դառնում երկու կողմերի էլ պնդումները խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարների մասին, ավելի քննադատաբար և կոշտ են արտահայտվում միմյանց դիրքորոշումների վերաբերյալ, և օրինաչափություն համար 2` մենք տեսնում ենք, որ որպես նոր, կամ որպես այս պահին հնարավոր օգտագործելու պատճառ՝ լեգիտիմացնելու ադրբեջանական ագրեսիան, ավելի թեժանում է այսպես կոչված միջանցքի օրակարգը»:

Երկու օր առաջվա տվյալներով՝ Բաքուն չի պատասխանել խաղաղության պայմանագրի Երևանի առաջարկներին, հրապարակավ չի արձագանքել նաև արտգործնախարարների բանակցություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր կրկին պնդել է՝ խաղաղության հաստատման համար խոչընդոտ են Հայաստանի Սահմանադրությունն ու ռազմական գնումները։

XS
SM
MD
LG