Հայաստանի ազգային հավաքականը կիրակի օրը Պորտուում 1:9 Պորտուգալիայի հավաքականից կրած 1:9 հաշվով պարտությամբ ավարտեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը:
«Ցավալի պարտություն էր, մենք պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցակցելու։ Նոր ենք սկսել ճանապարհը, երիտասարդ թիմ ենք, այսօր երևաց դա. ֆուտբոլիստներ կան, որ այս մակարդակի խաղալու համար պատրաստվել է պետք։ Կարծում եմ՝ նման խաղերով կդառնանք ավելի ուժեղ, փորձառու մեր ապագայի համար։ Ավելի շատ անհատական սխալների պատճառով ձախողում էր։ Չէինք սպասում այդպիսի սխալներ, բայց, դա կապում եմ հոգեբանության հետ. տղաներն այս մակարդակի պատրաստ չէին», - ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Վեց խաղում վաստակած 3 միավորով Հայաստանի ընտրանին վերջին տեղը գրավեց եվրոպական F խմբում՝ տոնելով ընդամենը մեկ հաղթանակ և պարտվելով մյուս բոլոր խաղերում:
13 միավորով խմբում առաջին տեղը գրավեց և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Պորտուգալիայի հավաքականը: 10 միավորով երկրորդ հորիզոնականում է Իռլանդիայի ընտրանին, որը կշարունակի պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար:
Իռլանդիայի հավաքականը ընտրական մրցաշարի վերջին տուրում մրցակցի հարկի տակ համառ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ, որը 8 միավորով 3-րդ տեղը գրավեց F խմբում: