Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը մտադիր է 15.2 տոկոսով նվազեցնել պաշտպանական բյուջեն


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հայտարարություններին զուգահեռ կառավարությունը մտադիր է էականորեն՝ 15.2 տոկոսով նվազեցնել պաշտպանական բյուջեն:

Պաշտպանության նախարարությանը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացվի՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ», - հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարի թվարկած առաջնահերթությունների շարքում, սակայն, պաշտպանական ոլորտին որևէ անդրադարձ չկար: Նիստին ներկա պաշտպանության նախարարն էլ ոչ մի հիմնավորում չներկայացրեց:

Պաշտպանության ոլորտի բյուջեն կրճատելուն զուգահեռ նախընտրական տարում գործադիրը մեծացնում է Տարածքային կառավարման, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների ֆինանսավորումը: Ավելի կոնկրետ՝ կիրականացվեն աղքատության նվազեցմանն ուղղված քայլեր, համայնքներում կավելանան կառավարության ֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերը: Այս նպատակով 2026 -ին նախատեսվում է ծախսել 2 միլիարդ դրամ՝ 2025 թվականի 1 միլիարդի փոխարեն:

«Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով, օրինակ՝ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3.3 տոկոսից աճելու ենք 3.5 տոկոս և Առողջապահության նախարարության գծով՝ 1.5 տոկոսից աճում ենք 1.8», - նշեց Հովհաննիսյանը:

«Սա Ադրբեջանին ընձեռվող լավագույն նվերն է»

Պաշտպանական ծախսերի նվազեցման կառավարության մտադրությունը խիստ քննադատում է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանը: Ըստ պատգամավորի՝ այս որոշումն անընդունելի է հատկապես, երբ Ադրբեջանից արդեն հայտարարել են՝ հաջորդ տարվա ռազմական ծախսերն ավելացնելու են:

«Մեծ առումով ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, մեծ թվով հարցեր Հայաստանի ու Ադրբեջանի հետ բանակցություններում դեռևս որևէ ձևով որոշված չեն կամ առանց ժամկետների թողնված են անորոշության, իսկ Ադրբեջանը հստակորեն հայտարարում է, որ հիմնվում է առաջին հերթին ուժի վրա ու հանդես է գալիս ուժի դիրքերից: Այս պարագայում Հայաստանի ռազմական բյուջեի հատկապես այսպիսի էական կրճատումն ինքնին խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն սպառնալիքի տակ են դնում Հայաստանի Հանրապետության բանակցությունները ու բավականին մեծ հարվածի տակ են դնում նաև Հայաստան- Ադրբեջան բանակցային գործընթացը՝ հաղթաթուղթ տրամադրելով Ադրբեջանին, հանդես գալու ոչ միայն հաղթողի, այլ ուժեղի ու մեծ պոտենցիալ ունեցող պետության դիրքերից», - ասաց Աբրահամյանը:

Իշխանությունից պաշտպանական ծախսերը կրճատելու իրենց մտադրության մասին հայտարարեցին Վաշինգոտնում նախաստորագրված համաձայնագրից հետո՝ որպես հիմնավորում ներկայացնելով նաև Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագիրը: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, թե Ադրբեջանն ինչպես անտեսեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ դիմելով հարցերն ուժով լուծելու մեթոդին:

«Ո՞վ կարող է ակնկալել խաղաղություն, ո՞վ կարող է երաշխավորել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խաղաղությամբ կավարտվեն, որտեղ հաշվի կառնվեն նաև Հայաստանի շանսերը: Այս պարագայում իրադարձություններից առաջ ընկնել ու Ադրբեջանին ուղերձ հղել, որ Հայաստանը դիմադրելու, պայքարելու ոչ միայն քաղաքական կամք չունի, այլ միանգամից զիջում է իր դիրքերն այդ առումով, սա Ադրբեջանին ընձեռվող լավագույն նվերն է», - ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Պաշտպանական ծախսերը կրճատելուց բացի կառավարությունը մտադիր է կես տարով նվազեցնել նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: Վարչապետը նաև հայտարարում է՝ բանակը չի լինելու անվտանգության ապահովման առանցքային գործիք:




XS
SM
MD
LG