Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Ըստ այդմ, գործադիրը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2 տոկոսով։ Նախագծով պաշտպանության նախարարությանը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացվի՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։
Չնայած պաշտպանական ծախսերի շեշտակի նվազեցմանը՝ ընդհանուր պետական բյուջեն հաջորդ տարի ավելի քան 5 տոկոսով ավելին է։ Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախսել կամ մոտ 9․5 միլիարդ դոլար։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ բյուջեի նախագծով տնտեսական աճը կազմելու է 5.4 տոկոս:
Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։
«Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն ՀՆԱ-ի 4.5 տոկոսը՝ 2025 թվականի 5.5 տոկոսի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8 տոկոս մակարդակի, արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջում կանխատեսվում է 53.5 տոկոս», - ներկայացրեց նախարար Հովհաննիսյանը:
Նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ առավել մանրամասն յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ քննարկումները շարունակելու։