Պաշտպանության փոխնախարարն այսօր չհստակեցրեց՝ հաջորդ տարվա բյուջով պաշտպանական ծախսերն ավելանալո՞ւ են, մնալու են նո՞ւյնը, թե՞ նվազելու են: Հրաչյա Սարգսյանը պնդեց, թե թվերից տեղյակ չէ, բայց և հավելեց՝ աշխատանքի այն ծավալը, որ իրականացրել են 2025 թվականին, կիրականացնեն նաև 2026-ին:
«Միջնաժամկետ ծախսերի ծրագրով ինչ ունենք նախատեսված, հաստատված՝ միջնաժամկետ, նույն ծավալով մենք իրականացնելու ենք», - ասաց Սարգսյանը:
«Դուք տեղյա՞կ չեք՝ ոլորտի բյուջեն ինչ փոփոխության է ենթարկվել», - «Ազատության» այս հարցին փոխնախարարն արձագանքեց. - «Էս պահի դրությամբ տեղյակ չեմ, այո: Դե բյուջեն դեկտեմբեր ամսին է հաստատվելու Ազգային ժողովում, կարծում եմ՝ էդ ժամանակ, որ հաստատվի, ավելի հստակ կլինի, բայց մոտեցումը այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով ինչ ունենք հաստատված՝ միջնաժամկետ ծախսերով էդ գումարը, նույն գումարը լինելու է մյուս տարի»:
2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որ գործադիրը հաստատել է այս տարվա հունիսին, ընդգրկում է նաև արտաքին թշնամուց Հայաստանի պետական սահմանների պաշտպանության ապահովման հարցը: Սա արդյո՞ք նշանակում է, որ սպառազինության ձեռքբերումների ծավալը ոչ միայն չի նվազի, այլ նաև կավելանա, պաշտպանության փոխնախարարն ուղիղ չպատասխանեց:
«Եթե հարցադրումը նենց է, որ Պաշտպանության նախարարությունը իր գործառույթները իրականացնելու համար տարբեր միջոցներ ձեռք չի բերելու կամ սկսելու է պակաս ձեռք բերել, ես ձեզ վստահեցնում եմ, որ Պաշտպանության նախարարությունը էն նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, 25-ին, աշխատելու է նաև 2026 թվականին», - ասաց Հրաչյա Սարգսյանը:
2026 թվականի բյուջեում պաշտպանական ոլորտին ուղղված հատկացումների հարցը քննարկման թեմա դարձավ ֆինանսների նախարարի, հետո նաև՝ վարչապետի հայտարարություններից հետո: Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան համաձայնություններից մոտ երկու շաբաթ անց հայտարարել է, թե հաջորդ տարվա բյուջեով ծախսերի զգալի ավելացում չի սպասվում:
«Ես կարծում եմ, որ մենք 2026 թվականի պետական բյուջեում գուցե թե պաշտպանական ծախսերի էական ավելացումներ կա՛մ չունենանք, կա՛մ ընդհանրապես չունենանք: Իմիջիայլոց, սա, կարծում եմ, նաև տրամաբանական է, և, համենայն դեպս, գոնե էս պահի մեր գնահատականը այդպիսին է», - ասել է վարչապետը:
Արդյո՞ք խաղաղության հաստատման մասին իշխանականների համոզմունքը հիմնավոր պատճառ է պաշտպանական ծախսերի կրճատման համար: Հարցին ռազմական գերատեսչության պաշտոնյան հարցով է պատասխանում. - «Մի հատ ուզում եմ հասկանամ՝ կա՞ պետություն, ով որ որ իր հարևանների հետ խաղաղություն ունի, բայց իր բանակի վրա գումար չի ծախսում: Ես գիտեմ, որ չկա, բոլորն էլ ծախսում են»:
«Այսինքն՝ պետք է շարունակենք մենք, խաղաղությունը չպետք է դառնա պատճառ՝ ռազմական ձեռքբերումները նվազեցնելու», - «Ազատության» այս դիտարկմանը պաշտպանության փոխնախարարն արձագանքեց. - «Դե հիմա դուք ասում եք ռազմական ձեռքբերումներ, ես ասում եմ Պաշտպանության նախարարության կարիքների համար: Թե հիմա դա ռազմական ձեռքբերում կլինի, թե դա զինվորի պատրաստում կլինի կամ ինչ պիտի լինի, էդ արդեն Զինված ուժերը կորոշեն, կանեն»:
Եվ մինչ Հրաչյա Սարգսյանը փնտրում է երկիր, որ հարևանների հետ խաղաղ ապրելուն զուգահեռ բանակի կարիքների, իսկ ավելի կոնկրետ՝ սպառազինության ձեռքբերման համար գումար չի ծախսում, պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի իշխանական անդամ Վահագն Ալեքսանյանն ասում է՝ խաղաղությունը հաստատված է, և դա հիմնավոր պատճառ է, որ պաշտպանական ծախսերը չավելանան:
«Ես գտնում եմ, որ շոշափելիորեն չպետք է ավելացվի՝ հաշվի առնելով ... Ժողովուրդ ջան, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նախ՝ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, և երկրորդը՝ արդեն իսկ էն շեշտակի ավելացումը, որը տեղի է ունեցել անցնող տարիների ընթացքում, էդ տեմպը պահելը արդեն իսկ բավականին լուրջ գործընթաց է», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հայաստանի ռազմական գնումներից մշտապես դժգոհող Ադրբեջանից, մինչդեռ, վաշինգտոնյան համաձայնություններից հետո հնչած հայտարարությունների շեշտադրումն այլ էր: Նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե իրենք «ամեն պահի պետք է պատրաստ լինեն պատերազմի, որովհետև անհնար է կանխատեսել՝ վաղն ինչ կլինի»: ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ այս հայտարարությունն ուղիղ Հայաստանին չի ուղղված: «Իսկ էնտեղ որ Կասպից ավազանն է շեշտել, էդ խի՞ չեք մեջբերում», - նշեց Վահագն Ալեքսանյանը:
Ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը, մինչդեռ, վստահ է՝ Ադրբեջանի բանակի արդիականացումը ուղիղ վտանգներ է պարունակում հենց Հայաստանի համար: Իսկ խաղաղության հաստատման հիմնավորմամբ պաշտպանական ծախսերը չավելացնելու ՔՊ-ական պատգամավորի դիրքորոշմանը Մանուկյանը կարճ արձագանքեց. - «Ուղղակի բոբիկ, օդի մեջ, անհասկանալի, որևէ քննադատության չդիմացող էդ թղթի մի կտորը դարձրել են ամբողջ Հայաստանի Հանրապետության որպես անվտանգության երաշխիք, դա ուղղակի բառեր չեմ գտնում նույնիսկ ասել, թե ինչ մակարդակ է՝ ցածր մակարդակ»:
Վահագն Ալեքսանյանը, այսօր հակադարձելով պաշտպանական ծախսերը չավելացնելու՝ իշխանությանն ուղղված քննադատություններին, շեշտեց՝ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության օրոք է պաշտպանական բյուջեն կտրուկ ավելացել: 2017 թվականին այն կազմել է շուրջ 400 միլիոն դոլար, իսկ իրենց իշխանության օրոք այդ թիվը հասցվել է 1 միլիարդ 700 միլիոնի:
Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամը այս համեմատությունները տեղին չի համարում մի քանի պատճառով:
«Նրանք չարաշահում են ընդդիմության, այն տարիների ոլորտի պատասխանատուների բարոյական կարմիր գծերը, որ շատ ավելի բաց չեն խոսում, որ սպառազինություն ձեռք կարող է բերվել ոչ միայն փողով, ինչպես հիմա է, այլ նաև սպառազինություն կարող էր ձեռք բերվել ռազմաքաղաքական այն հետևողական համագործակցության շրջանակներում, որը իսպառ ավերեց այս իշխանությունը 2018-ից սկսած», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Կարևոր գործոններից մեկն էլ, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորի, այն է, որ 44-օրյա պատերազմից հետո միլիարդավոր դրամների զենքեր վնասվեցին կամ անցան Ադրբեջանին: Պաշտպանական ոլորտի Ֆինանսական հատկացումներից, դաշնակցական պատգամավորն ասաց, ավելի մանրամասն կխոսեն, երբ Ազգային ժողովում մեկնարկեն բյուջեի քննարկումները:
2026 թվականի պետական բյուջեի նախագիծը նախ պետք է հավանության արժանանա գործադիրում, հետո ուղարկվի խորհրդարան՝ քննարկման և ընդունման նպատակով:
Ադրբեջանի այս տարվա ռազմական բյուջեն Հայաստանին գերազանցում է մոտ երեք անգամ: