Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և «խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև», Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Սի Ծինփինն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը կայուն խաղաղության ապահովման համար: Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, նա նշել է, որ Չինաստանը պաշտպանում է Ադրբեջանի սուվերեն զարգացման տեսլականը:
Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս կապերը զարգանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակով:
Նա նաև հայտարարել է, որ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի կապերի ընդլայնմանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ:
Առավոտյան Չինաստան է ժամանել նաև ՀՀ վարչապետը: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին:
Առաջիկա չորս օրերին նախատեսված գագաթնաժողովը կլինի ամենամեծը ՇՀԿ-ի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում։