Մատչելիության հղումներ

Հացադուլի մեջ գտնվող արցախցի Տիգրան Ուլուբաբյանը կմնա կալանքի տակ


Տիգրան Ուլուբաբյանը, արխիվ
Տիգրան Ուլուբաբյանը, արխիվ

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը, որ արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ է, ևս մեկ ամիս կալանքի տակ կմնա:

Այսօր երեկոյան Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունն ու երկարացնել ավազակային հարձակմանն օժանդակելու մեջ մեղադրվող 29-ամյա երիտասարդի կալանքի ժամկետը:

Իր արցախցի բարեկամուհու տան վրա զենքի սպառնալիքով տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո նրան տարել էին ոստիկանություն, ըստ իրեն, խոշտանգման միջոցով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, թե օժանդակել է այս հանցագործությանը:

Չնայած թե՛ Տիգրան Ուլուբաբյանը, թե՛ այս ավազակային հարձակումից տուժած նրա բարեկամները հերքում են իր մեղքը, բայց նա արդեն երկու ամիս բանտում է: Ուլուբաբյանն իրավապահների ներկայացրած ապացույցները անհիմն է համարում ու արդեն երկու շաբաթ՝ իբրև բողոք, հացադուլի մեջ է:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ուլուբաբյանին Ոստիկանության Լոռու մարզային բաժանմունքում խոշտանգելու դեպքով հարուցված քրեական վարույթը կփակվի: Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ քննիչն այս վարույթով քրեական հետապնդում չհարուցելու միջնորդություն է ներկայացրել, որը դատախազը բավարարել է: Քննչական կոմիտեն ոստիկանների կողմից խոշտանգման դեպքը հաստատված չի համարել: Հինգ ամիս տևած քննության ընթացքում ոստիկանները հերքել են Տիգրան Ուլուբաբյանի պնդումները, այլ ապացույցներ էլ ի հայտ չեն եկել:

XS
SM
MD
LG