Նորմատիվ-իրավական հիմքերը և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում, փոխադարձ բացառիկ բնույթ են կրում, և այստեղ հարցը քաղաքական նախապատվությունները չեն: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ ինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերը։
Միաժամանակ, ՌԴ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին է։
«Բայց Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը կամ ԵԱՏՄ-ն, որ կրում են հիմնական պատասխանատվությունը բնակչությանը բացատրելու իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները», - նշել է նա։
Խորհրդարանն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որը Ազգային ժողով էր հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով:
Օրենքն առաջին ընթերցումից հետո դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում, ապա ստորագրվի նախագահի կողմից: Վերջնական հաստատումից հետո այս օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում էին, իշխող ուժի ներկայացուցիչները այն «քաղաքական կամքի մասին է»: