Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը ստեղծող տեխնոլոգիական ձեռնարկություններից շատերը դժգոհ են «Բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության մասին» նոր օրենքից, որն ընդունվել է անցյալ տարի ու գործում է հունվարի 1-ից։ Համենայն դեպս, ոլորտի ամենամեծ միությունը՝ ԱՏՁՄ-ն հայտարարում է, որ դեմ է նոր կարգավորումներին և կարծում է, որ դրանք չեն լուծելու իրենց խնդիրները։
«Երբ եկավ նոր օրենքը, էլի մոռացել էին նպատակի մասին, այսինքն՝ օրենքում գրված են ինչ-որ կարգավորումներ, որոնցով փորձ է արվում ներդրում անել ԲՏԱ ոլորտում կամ աջակցություն տրամադրել, բայց փաստացի գլխավոր նպատակին չենք հասնում՝ Հայաստանը մնում է անմրցունակ», - ասաց «Կրիսպ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:
Նոր օրենքն ընկերություններին առաջարկում է մի քանի արտոնություն՝ եկամտահարկի կրճատում 20 տոկոսից մոտ 8 տոկոս ընկերությունների նոր աշխատակիցների համար 3 տարի ժամկետով, կրկին մոտ 8 տոկոս եկամտային հարկ աշխատանքային միգրանտների համար, որից մեկ տարի կօգտվի նրանց աշխատանքի ընդունած ընկերությունը, իսկ 2026 թվականից՝ հենց միգրանտ: Ոլորտի ներկայացուցիչներն ասում են՝ այս հարկային արտոնությունները գուցե օգտակար լինեն փոքրաթիվ ընկերությունների համար, բայց չեն վերացնելու ՏՏ ոլորտի խորացող ճգնաժամը։
«Օրենքը փոխվի, որպեսզի Հայաստանը սարքենք մրցունակ, որովհետև այդ հարցը չի լուծվում, հիմա փոքր աջակցությունները կամ ներդրումները շատ օգուտ չեն տալու», - նկատեց Արտավազդ Մինասյանը:
Ինչ ճգնաժամի մասին է խոսքը
2022 թվականից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, Հայաստանում կտրուկ արժևորվել է դրամը դոլարի համեմատ մոտ 22 տոկոսով, ինչն իրենց ծառայությունները կամ ստեղծած արտադրանքը արտահանող ՏՏ ոլորտի ընկերությունների համար գրեթե նույնն է, ինչ իրենց եկամուտները կրճատեին 22 տոկոսով, քանի որ ներդրումներ ու եկամուտներ նրանք ստանում են դոլարով, աշխատավարձեր ու այլ ծախսեր կատարում դրամով։
Ընդ որում, ԲՏԱ նախարարությունը, դատելով ընդունված օրենքի հիմնավորումներից, ևս համաձայն է, որ սա մեծ խնդիր է ոլորտի համար. «Այս իրավիճակը բացասաբար է անդրադարձել ինչպես տեղական, այնպես էլ Հայաստան տեղափոխված ընկերությունների վրա: Արձագանքելով այս մարտահրավերներին՝ ՀՀ կառավարությունը մշակել է ոլորտի աջակցության մի շարք ծրագրեր», - գրված է նախարարության հիմնավորման տեքստում։
Սակայն, բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ կառավարության մշակած փաթեթը չի խթանելու ոլորտի զարգացմանը ու չի վերացնելու ճգնաժամը։ Վիճակագրական կոմիտեն ՏՏ ոլորտում աշխատողների թվի մասին տվյալներ չունի, բայց առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տվյալներով՝ անցյալ տարի 2023-ի համեմատ այս ոլորտում 2 հազար աշխատատեղ է փակվել, սա և հայաստանյան ընկերությունների վիճակի, և Հայաստան տեղափոխված, ապա հեռացած ընկերությունների պատճառով։
«Այս անկումը, որ կա, ընդհանուր առմամբ գործելաոճի, այսինքն՝ նույնիսկ տեղ-տեղ անգործության կամ առնվազն դանդաղկոտության հետևանք է», - ասում է «Լայմ Տեխ» ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը, - «...շատ կարճ ժամանակում ներկայացվեց լրիվ ուրիշ գործիքակազմ, որը չի լուծում այն խնդիրները, որոնք բարձրաձայնում էինք»:
Իսկ արդյոք կառավարությունը քննարկումների ժամանակ խոստացել էր ՏՏ համայնքին, որ քայլեր է ձեռնարկելու՝ վերացնելու ոլորտում խորացող ճգնաժամը հարկային ավելի լայն արտոնությունների միջոցով. ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքով՝ նման փոխըմռնում եղել է։ Բայց այս հարցի պատասխանն «Ազատությունը» երկու օրվա ընթացքում չկարողացավ ստանալ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, փոխարենը նախարարի վերջին հարցազրույցից պարզ է, որ առաջարկված փաթեթը կառավարությունը համարում է շատ գրավիչ։
«Մենք հավատացած ենք, որ այս գործիքակազմը շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստան ներքաշելու նոր մասնագիտական, բարձր որակավորում ունեցող մասնագետների», - ասել է Մխիթար Հայրապետյանը:
Կառավարությունը հարկային օրենսգրքով մեկ այլ փոխոխություն էլ է առաջարկում՝ այն ընկերությունները՝ գյուղատնտեսականից մինչև IT, որոնք որպես R&D, հայտնի՝ Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ոլորտում նախագծեր կանեն, կստանան հարկային արտոնություն՝ նախագծերում ներգրավված մարդկանց եկամտահարկի կրճատում՝ 20 տոկոսից 10, միայն թե նախագծերը պետք է նախ հաստատվեն կառավարության հատուկ հանձնաժողովի կողմից։
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խնդրում են սա չներկայացնել որպես իրենց ոլորտին տրվող հարկային արտոնություն, քանի որ իրենց համայնքի ընկերությունները անգամ եթե ունենան R&D արտադրանք, հնարավոր է չմասնակցեն կառավարության մրցույթին։
ԲՏԱ նախարարության առաջարկած ու Ազգային ժողովի ընդունած փոփոխություններն արդեն ուժի մեջ են, սակայն դրանց մանրամասն կագավորումները դեռ պետք է հաստատվեն։