Մատչելիության հղումներ

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել


Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, Ստամբուլ, Թուրքիա, 18-ը հոկտեմբերի, 2024թ.
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, Ստամբուլ, Թուրքիա, 18-ը հոկտեմբերի, 2024թ.

Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի այսօրվա հանդիպման շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։

ՀՀ արտգործնախարարության հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը, տարածաշրջանային զարգացումները։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

Թուրքական կողմը միայն փոխանցել է, որ հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և կարգավորման գործընթացը։

Իր ելույթում հայ-թուրքական կարգավորմանն անդրադառնալիս Արարատ Միրզոյանը թվարկել էր նախկին պայմանավորվածությունները, որոնցից ոչ մեկը մեծ հաշվով կյանքի չի կոչվել։ Մասնավորապես, որ Հայաստանն ավարտել է Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը, բացի այդ, կողմերը պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունից Արարատ Միրզոյանը չի խոսել։

XS
SM
MD
LG