Ստամբուլում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։
Միրզոյանը Ստամբուլում նաև երկկողմ հանդիպումներ կունենա:
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Վրաստանի արտգործնախարարը չի մասնակցի հանդիպմանը։ «Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմատով չի աշխատում», - օրերս ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են Վարաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից և ոչ մեկին՝ որպես պատճառ մատնանշելով Ռուսաստանի հետ հակասությունները։ Մոսկվան, իր հերթին, հայտարարել է, որ Թբիլիսիի համար «3+3»-ի դուռը բաց է մնում։
Hürriyet Daily News-ը երեկ գրել է, որ հանդիպումն անցկացվելու է Հաքան Ֆիդանի նախագահությամբ։ Քննարկումները կենտրոնանալու են համագործակցության կոնկրետ ծրագրերի վրա՝ բարելավելու տարածաշրջանային փոխգործակցությունն, ավելի լայն ջանքեր գործադրելու տարածաշրջանային կայունության համար։ Ակնկալվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային առանցքային իրադարձությունների շուրջ։
Ըստ Daily Sabah-ի՝ Հաքան Ֆիդանը պատրաստվում է ընդգծել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին, ինչպես նաև Անկարայի և Երևանի միջև կապերի նորմալացմանը։
«3+3» ձևաչափի հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվելու։ Չնայած նախնական տեքստը հրապարակած չէ, բայց, ըստ թուրքական մամուլի, հռչակագրում ենթադրաբար ընդգծվելու է առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու մասնակից երկրների հանձնառությունը։
Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր, ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։
2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում տեղի ունեցավ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումն արդեն արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։
Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հանդիպման բացման խոսքում հայտարարել էր, որ եկել է Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և զարգացման ժամանակը։