Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը կիրակի վաղ առավոտյան հրապարակված հայտարարության մեջ կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Գազայում հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ:
Ծայրահեղական կազմակերպությունը հայտարարել է, որ իր պատվիրակությունը Կահիրեում բանակցություններ է վարել Եգիպտոսի գլխավոր հետախուզական վարչության ղեկավարի հետ Գազայում կրակի դադարեցման և դրա բոլոր փուլերում պատանդներին բանտարկյալների փոխանակման գործարքի վերաբերյալ:
Շաբաթ օրը Իսրայելն ու «Համաս»-ն ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին:
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստվում է բանակցությունների, շեշտելով, որ ընդունել է միջնորդների հրավերը, որին աջակցել է ԱՄՆ- ը, և երկուշաբթի պատվիրակություն կուղարկի Դոհա՝ փորձելով առաջ մղել բանակցությունները:
2023 թվականի հոկտեմբերից Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում՝ «Համաս» խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։ Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Հունվարին ժամանակավոր հրադադար է հաստատվել։
Գազայում դեռ մոտ 60 իսրայելցի պատանդ կա։ Ենթադրվում է, որ նրանցից մոտ կեսը մահացած է: Զինադադարի առաջին փուլով գերիների դիմաց Իսրայելն իր բանտերից ազատ է արձակել մոտ երկու հազար պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար դատապարտվածների։