Մատչելիության հղումներ

Թրամփը սպառնում է ոչնչացնել «Համաս»-ին, եթե վերջինս անհապաղ չազատի պատանդներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ոչնչացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորմանը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին և չհանձնի մահացածների մարմինները։

«Shalom Hamas» նշանակում է՝ Բարև և Ցտեսություն։ Դուք կարող եք ընտրել», -Truth Social-ում գրել է Թրամփը՝ զգուշացնելով՝ Իսրայել է ուղարկում այն ամենն, ինչ հարկավոր է «գործն ավարտին հասցնելու համար»։

«Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ ուշ, և անմիջապես վերադարձրեք ձեր կողմից սպանված մարդկանց դիակները, այլապես ձեզ համար սա վերջը կլինի», - գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ շեշտելով․ - «Համաս»-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ չեք անում այնպես, ինչպես ես եմ ասում»:

«Սա վերջին նախազգուշացումն է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Դիմելով «Համաս»-ի ղեկավարությանը՝ Թրամփն ընդգծել է՝ «ժամանակն է լքել Գազան, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»:

Իսկ Գազայի բնակիչներին, ըստ ԱՄՆ նախագահի, «գեղեցիկ ապագա է սպասվում», բայց ոչ պատանդներ վերցնելու պարագայում։

«Եթե պատանդ վերցնես, մահացած ես»,- գրել է նախագահը՝ զգուշացնելով․ - «Խելացի որոշում կայացրե՛ք: Հիմա ազատեք պատադներին, կամ ստիպված կլինեք ծանր գին վճարել»։

Մարտի 1-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 միլիարդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին։ Ըստ այդմ, Իսրայելը կստանա ավելի քան 35,5 հազար միավոր 900 կիլոգրամանոց օդային ռումբ, նույն քաշի չորս հազար ռումբ՝ նախատեսված բետոն քանդելու համար, ինչպես նաև ուղղորդման համակարգերով հինգ հազար ռումբեր։ Հիմնական մատակարարումները նախատեսված են 2026–2028 թվականներին, սակայն որոշ զինատեսակներ կարող են անմիջապես փոխանցվել։

2023 թվականի հոկտեմբերից Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում՝ «Համաս» խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։ Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Հունվարին ժամանակավոր հրադադար է հաստատվել։

Գազայում դեռ մոտ 60 իսրայելցի պատանդ կա։ Ենթադրվում է, որ նրանցից մոտ կեսը մահացած է: Զինադադարի առաջին փուլով՝ գերիների դիմաց Իսրայելն իր բանտերից ազատ է արձակել մոտ երկու հազար պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար դատապարտվածների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG