Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ը համաձայնել է իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատ արձակել պատանդներին, այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։ Դրանում կազմակերպությունը նաև պատրաստակամություն է հայտնել՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության պլանի շուրջ։
Սպիտակ տան ղեկավարը մինչև կիրակի օրը ժամանակ էր տվել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ին՝ իր առաջարկների շուրջ համաձայնության գալու համար:
«Համաս»-ը Վաշինգտոնի մյուս պահանջների վերաբերյալ հրապարակավ կարծիք չի հայտնել, հստակ չէ՝ խմբավորումը համաձա՞յն է նաև զինաթափվել, լքել պաղեստինյան անկլավը և երբեք ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի որևէ մասնակցություն չունենալ Գազայի հատվածի կառավարման գործում:
Այդուհանդերձ, նախագահ Թրամփը սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ ենթադրել է, որ «Համաս»-ի արձագանքը ազդանշան է այն մասին, որ խմբավորումը «պատրաստ է երկարատև խաղաղության»։