ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Իսրայելին կհանձնի չորս պատանդների մարմինները՝ հանգստյան օրերին չազատված պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
Հունվարի 15-ին կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն, Իսրայելը պետք է փետրվարի 22-ին 602 պաղեստինցիների ազատեր բանտից իսրայելցի 6 պատանդների դիմաց։ Սակայն Թել Ավիվը հետաձգեց՝ պատճառաբանելով, որ ծայրահեղական «Համաս»-ը «պատանդների արժանապատվությունը նսեմացնող քարոզչական արարողություններ» է անցկացնում և պահանջեց «դադարեցնել այդ նվաստատցուցիչ արարողությունները»։
Կողմերը Եգիպտոսի միջնորդությամբ նոր փոխանակման շուրջ պայմանավորվեցին։
Իսրայելցի պաշտոնյան հաստատել է նոր պայմանավորվածության մասին տեղեկությունը՝ նշելով, որ փոխանակումը տեղի կունենա փետրվարի 26-ի երեկոյան։ The Times of Israel-ը, սակայն, նշում է, որ այլ տեղեկությունների համաձայն՝ փոխանակումը տեղի կունենա միայն վաղը։
Հրատարակության տվյալներով՝ Գազայի հատվածում դեռ 63 պատանդ կա, որոնցից 36-ի մահը հաստատված է։ Գործարքի առաջին փուլում «Համաս»-ը խոստացել էր վերադարձնել 25 իսրայելցի պատանդների և 8 դի՝ մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց: Մինչ այժմ «Համաս»-ը 20 իսրայելցի է ազատել և 4 դի հանձնել։ Ակնկալվում է, որ գործարքի առաջին փուլը կավարտվի կիրակի օրը՝ մարտի 2-ին, նաև, չի բացառվում, որ այն երկարաձգվի։