Մատչելիության հղումներ

Հալեպում վերսկսել է աշխատանքը Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը


Հալեպում ու Սիրիայի մյուս հայաբնակ քաղաքներում կյանքն աստիճանաբար աշխուժանում է. բացվում են հայկական վարժարանները, խանութներն ու արհեստանոցները։

Ավելի քան երեք շաբաթ դադարից հետո այսօրվանից Հալեպում վերսկսել է աշխատանքը Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը զինյալների կողմից Հալեպի գրավումից առաջ էր տեղափոխվել Դամասկոս, այնտեղից էլ Լիբանանի մայրաքաղաք։

Կիլիկիո կաթողիկոսի աջակցությամբ Բերիո թեմի առաջնորդարանն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակում է 35-ական դոլար բաժանել ամեն հայ ընտանիքի։ Առաջնորդարանից հայտնում են՝ օգնությունից տեղի հայ առաքելական, կաթոլիկ ու ավետարանչական արդեն հարյուրավոր ընտանիքներ են օգտվել:

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն ասում է՝ չնայած վերջին օրերին սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների գները զգալի նվազել են, բայց շատերը դեռ գումար չունեն, չեն աշխատում։

«Մարդիկ բնականոն ձևով չեն աշխատում, երկրի հետ արտաքին կապը վերջնական չի վերականգնվել, քաղաքից քաղաք մարդիկ գնում են, ճանապարհները բաց են, բայց առևտուրը դեռ չի վերականգնվել», - ներկայացրեց Զարմիկ Պողիկյանը:

Հայաստանի կառավարությունը Սիրիայի հայկական համայնքին դրական աջակցություն այս ընթացքում չի հատկացրել։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն ավելի վաղ «Ազատության»-ն ասել էր՝ իրավիճակը Սիրիայում այնքան արագ էր զարգանում, որ կառավարությունը նույնիսկ արձագանքելու հնարավորություն չի ունեցել։

Այսօր էլ Սինանյանն ասաց. - «Հիմա ունենք Բերիո թեմից որոշ տվյալներ, որ սոցիալական կարիքներ ունեն մեր հայրենակիցները: Փորձում ենք հասկանալ այդ կարիքները, բայց կարիքները, իմ կարծիքով, չեն փոխվել, դրանք եղել են նաև անցյալում: Հարցն այն է, թե ինչպես ենք մենք սպասարկելու այդ կարիքները հաշվի առնելով ուղղակի կապի բացակայությունը»:

Հայ համայնքում դեռ ամբողջովին չեն ցրվել մտահոգությունները, չնայած նոր իշխանությունների տված անվտանգության երաշխիքներին. շատերը երեկոյան ժամերին խուսափում են տնից դուրս գալի, խանութները մինչ մութն ընկնելն են փակում:

«Որոշ տեղերում կան ոստիկաններ, մայրաքաղաքի մեջ ավելի շատ է ոստիկանության ներկայությունը, Հալեպում էլ են փորձում», - ասաց Զարմիկ Պողիկյանը:

Վերջին շրջանում բազմաթիվ սիրիահայեր Հայաստան եկան, արդյոք դեռ էլի ցանկացողներ կան։ Զարմիկ Պողիկյանն ասում է՝ իրավիճակը հանդարտվելուն պես նվազել է տեղափոխվել ցանկացողների թիվը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր նույնը պնդեց։

Դեռ հայտնի չէ նաև՝ երբ կվերականգնվի օդային կապը Սիրիայի ու Հայաստանի միջև. Հալեպի ու Դամասկոսի միջազգային օդակայանները դեռ չեն վերսկսել միջազգային թռիչքները:

Անկախ բազմաթիվ դժվարություններին՝ Սիրիայի հայկական համայնքում պատրաստվում են տոներին։







XS
SM
MD
LG