Մատչելիության հղումներ

«Սպասողական վիճակ է, չգիտենք ինչ կլինի». Հայաստան եկած սիրիահայ


«Չգիտենք ինչ կըլլա», -Հայաստան հասնող սիրիահայերը հիմնականում սա են ասում։ Ոչ ոք վերադարձի տոմս չունի։

Աիդա Մոմջյանը մի քանի տասնյակ բախտակիցների հետ Բեյրութ -Երևան թռիչքով է Հայաստան հասել։ Դաշնակահարուհի է Դամասկոսից, ցամաքային ճանապարհով են կարողացել հասնել Բեյրութ:

Սիրիայի հայ համայնքը նոր իշխանությունից անվտանգության ու ազգային ավանդույթներով ապրելու երաշխիքներ է ստացել, բայց ով գիտե, խոստումներ են՝ կասկածում է տիկին Աիդան: Գուցե վիճակը լավանա, հույսը չի կորցնում՝ բայց հիմա Դամասկոսում թեպետ հրթիռների ձայներ չկան, բայց ամենուր գողություններ են, ոստիկանություն չկա։

Սեդա Սեֆեջյանն էլ, որ Հոմսից երկու օր առաջ է դուրս եկել ու այսօր հասել Երևան, ասում է՝ փոքրաթիվ հայկական համայնք է մնացել այնտեղ, շատերն են ուզում հեռանալ, բայց հեռանում են հնարավորություն ունեցողները, մնացողները նույն՝ սպասողական վիճակում են. ծայրահեղական իսլամիստները, չնայած խոստումներին, կանխատեսելի չեն:

Պետիկ Չալբաչուրյանը Հալեպից է եկել երկու երեխաների հետ, կսպասեն այստեղ, մինչև... «Սպասողական վիճակ է, չգիտենք ինչ կլինի»:

Մի քանի օր է Սիրիայի ցամաքային ճանապարհները բաց են, օդանավակայանները, սակայն, դեռ չեն աշխատում: Երկրից դուրս գալ ցանկացողները Հայաստան են հասնում Բեյրութի թռիչքներով։

Պետրոս Ստեփանյանը տիկնոջ հետ Դամասկոսից են եկել, հույս ունեն՝ ծննդյան տոներից հետո Սիրիայի մշուշը գոնե մի քիչ ցրված կլինի, ապահով տուն վերադարձի տոմս կգնեն:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG