Մատչելիության հղումներ

Գյումրիում ընդդիմադիրներն ու իշխանականները միմյանց են մեղադրում՝ քաղաքի խնդիրները չլուծելու համար


Գյումրիում ընդդիմադիրների միավորումից ու Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելուց ութ ամիս անց՝ իշխանությունն այստեղ կորցրած «Քաղաքացիական պայմանագիրը» քննադատում է, թե այս ամիսների ընթացքում քաղաքային իշխանություններն էական ոչինչ չեն արել: Այսօր Գյումրիում հրավիրված քննարկմանը ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը մի քանի խնդիրներ թվարկեց, որոնց վերաբերյալ ավագանու որոշումներ կան, բայց դրանք մնացել են թղթի վրա:

«Այս ամիսների ընթացքում էական ոչինչ տեղի չի ունեցել քաղաքում, սկսած՝ ամենատարրական հարցերից, վերջացրած ավելի գլոբալ, ինստիտուցիոնալ հարցեր: Առաջին հայացքից կարող է թվալ, որ թղթի վրա շատ կարևոր և գյումրեցիների շահերից բխող որոշումներ են կայացվել, բայց այդ որոշումներն այդպես էլ մնացել են թղթի վրա», - ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը:

ՔՊ-ականը քննադատության սլաքն ուղղեց ընդդիմադիր ուժերի կողմը, որոնք մոտ երկու ամիս առաջ կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված Վարդան Ղուկասյանին գարնանը համայնքի ղեկավար ընտրեցին:

«Դուք եք Վարդան Ղուկասյանին ընտրել քաղաքապետ, դուք եք ուզել, որ Վարդան Ղուկասյանը զբաղեցնի և ղեկավարի քաղաքապետի պաշտոնը: Հետևաբար, ցանկացած գործողություն, որը ինչ-ինչ պատճառներով լավ չի կատարվում, եթե ուղիղ պատասխանատու չեք, ապա պարտավոր եք գոնե գնահատական հնչեցնեք, բայց ասեմ ավելին, ես կարծում եմ, որ այո, ուղիղ պատասխանատու եք, որովհետև եթե չլիներ ձեր ընտրության և քվեարկության արդյունքը, մենք առաջարկում էինք այլընտրանքային տարբերակ՝ գնալ արտահերթ ընտրություններին: Դուք չեք ընդունել այլընտրանքային տարբերակը և փոխարենը գնացել եք այլ ճանապարհով, այն է՝ Վարդան Ղուկասյանին դարձնել քաղաքապետ: Հիմա, կներեք, բայց եկեք և պատասխան տվեք ձեր քաղաքապետ դարձրած մարդու բոլոր գործողությունների համար», - հայտարարեց ՔՊ-ական Քնարիկ Հարությունյանը:

«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը ՔՊ-ական ավագանուն պատասխան հարցով արձագանքեց. «8 ամիս է անցել, ավելի շատ ձեր ջանքը ներդնելու, ձեր էներգիան ներդնելու, ձեր ժամանակը, ձեր պրոֆեսիոնալիզմը, ձեր թիմային հնարավորությունները ներդնելու, քաղաքային խնդիրները լուծելու, աջակցելու, որևէ բան անելու, դուք դեռ խոսում եք, որ պատասխանատվությունը չեք կիսում և այլն: Պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը: Բայց դուք եկեք ինքներդ ձեզ հաշիվ տվեք. «Քաղաքացիական պայմանանագիրը» որքանո՞վ է պատասխանատու ցայսօր երկրում տեղի ունեցող այս իրադարձություններին, այդ թվում նաև՝ Գյումրիում»:

«Իմ հզոր համայնք» խմբակցությունից Սուսաննա Մոսայանն ավելի կտրուկ էր. «Առհասարակ պատասխանատվությունից խոսել, ամենաքիչը որ պատասխանատու ենք, հենց ձեր առաջ ենք ու դուք ամենաքիչ իրավասությունն ունեք մեզնից ինչ-որ պատասխանատվություն պահանջելու, մենք պատասխանատու ենք մեր ընտրողների առջև, ուզեք թե չուզեք, պիտի համակերպվեք, որ դուք արդեն 7 տարի չեք կարողանում Գյումրիում ունենալ ղեկավարող, բացի էն զոռբայություններից, եթե անգամ ունենաք, դա լինելու է զոռբայությամբ, դա լինելու է օրենքի խախտումներով, բռնաճնշումներով, ընտրություններով Գյումրիում քաղաքապետ չեք ունենալու», - ընդգծեց «Իմ հզոր համայնք» խմբակցությունից Սուսաննա Մոսայանը:

Բայց Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրած «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունների ներկայացուցիչներն էլ դժգոհեցին քաղաքային իշխանության աշխատանքից, ասացին. «Բոլորս էլ գիտենք, տեսնում ենք, որ կան հարցեր, որոնք չեն լուծվում, տեղից չեն շարժվում, բայց միանշանակ պնդել, որ տապալված է, այս պահին չի կառավարվում քաղաքը, դա էլ է սխալ»:

Հարց հնչեց՝ ինչո՞ւ Գյումրին չի զարգանում. ըստ Լիզա Գասպարյանի՝ որովհետև այստեղ ամեն ինչ քաղաքականացվում է: Օրինակ բերեց՝ իրենք ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի թաղի մանկապարտեզը վերանորոգելու առաջարկ էին արել ու այն ավագանու նիստի ժամանակ հավանության էր արժանացել, բայց հետո մերժել էին: 15 մլն դրամը հիմա առաջարկելու են 5 վատթարագույն պայմաններում գործող մանկապարտեզներին հատկացնել: Ճշտեց ՔՊ-ի դիրքորոշումը:

«Դուք պատրա՞ստ եք կողմ քվեարկել՝ դեմ լինելով ձեր քաղաքական 2026-ի ԱԺ ընտրություններին գնալուն, այ սա է պատճառը մեր քաղաքի չզարգանալու, սա է որ ամեն հարցի մեջ գլոբալ քաղաքականություն եք տեսնում», - շեշտեց Գասպարյանը:

Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրիի ավագանու ընդդիմադիր ուժերին մինչ այս պահը հաջողվել է մեծամասնությունը պահել՝ 18/14 հարաբերակցությամբ: Բայց վերջերս մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև նրան փոխարինող փեսան, այս պահին Ավետիս Առաքելյանը ազատության մեջ է: Նրան արգելվել է բացակայել երկրից: ՔՊ-ն բացահայտ հայտարարել է, որ մտադիր է Ղուկասյանին հեռացնել քաղաքապետի պաշտոնից:

XS
SM
MD
LG