Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվեց երկու ամսով, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ էր՝ հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով, նրան երեկ ձերբակալել էին և կալանքի միջնորդություն ներկայացրել դատարան:
Ինչպես հայտնել էր փաստաբանը, «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»: