Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկ ամսում 3-րդ մեղադրանքն է առաջադրվում


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել, այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Քննչական կոմիտեից էլ հայտնում են՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2-րդ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով:

Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Ինչպես հայտնեց փաստաբանը, «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»:

Այս նույն գործի շրջանակում այսօր մեկ ամսվա ընթացքում Գյումրիի քաղաքապետի նկատմամբ արդեն 3-րդ մեղադրանքն է առաջադրվում:

Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ ամիս նոր մեղադրանք առաջադրվեց այս անգամ Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG