Գերմանիայի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի և Սոցիալ-դեմոկրատների առաջնորդներն այսօր Բեռլինում կայացած համատեղ ասուլիսին ներկայացրել են կառավարական կոալիցիայի ստեղծման համաձայնագիրը։
Համաձայնագիրը ճանապարհ կհարթի նոր կաբինետի ձևավորման համար, որը կգլխավորի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը:
Փաստաթղթում այն քայլերն են, որոնք համաձայնեցրել են կոալիցիային միացած կուսակցությունների ներկայացուցիչները՝ պաշտպանական ծախսերի ավելացում, բնապահպանական մի շարք սահմանափակումների մեղմացում, էներգիայի աճող ծախսերի դեմ պայքարի միջոցներ, միգրացիոն քաղաքականության խստացում, ներառյալ Գերմանիայում գտնվող սիրիացի քաղաքացիներին արտաքսելու հնարավորությունը։
Մերցն իր ելույթում ընդգծել է՝ Եվրոպան կարող է շարունակել «ապավինել Գերմանիայի վրա»։
Փետրվարին կայացած Բունդեսթագի ընտրություններում հաղթել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը։ Սոցիալ-դեմոկրատները զբաղեցրել են երրորդ տեղը։ Այս երկու ուժերը միասին մեծամասնություն են կազմում Բունդեսթագում և կարող են խուսափել նոր կաբինետի շուրջ բանակցություններում այլ ուժերի մասնակցությունից։ Այսպիսով Կանաչները, ինչպես նաև աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» և ձախակողմյան ուժերը կմնան ընդդիմադիր ճամբարում։