Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր շարժման առաջնորդը խոստացավ Նիկոլ Փաշինյանին հեռացնել հաջորդ տարի


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 27-ը դեկտեմբերի, 2024թ.
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 27-ը դեկտեմբերի, 2024թ.

«Եվ ես, այո, չեմ ամաչել և չեմ ամաչում՝ ներողություն ասելու և՛ արածների, և՛, թույլ տվեք ասել, չարածների համար». - վարչապետի հրաժարականի պահանջով գարնանը պայքարի ելած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր ներողություն խնդրեց իր աջակիցներից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին չհասնելու համար: Ընդդիմադիր շարժման առաջնորդը, սակայն, ուղիղ չասաց՝ ինչու չհաջողեցին:

«Զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանատվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը», - հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոսն ասուլիսի ժամանակ:

Բագրատ Գալստանյանը, որ սառեցրել էր հոգևոր ծառայությունն ու դուրս եկել փողոց, նախ պայքարում էր Տավուշի հատվածում, ինչպես ինքն էր ձևակերպում՝ Ադրբեջանի պարտադրած սահմանազատումը թույլ չտալու համար, հետո նրա գլխավոր օրակարգը դարձավ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը: Այս ամիսներին շարժման առաջնորդը մի քանի անգամ հայտարարեց, թե վարչապետին հեռացնելու վճռական փուլ են մտնում: Նույնը կրկնեց այսօր, թե հաջորդ տարի կհասնեն իրենց նպատակին: Ինչպես, ինչ մեթոդներով` չմանրամասնեց, միայն ասաց՝ կրկին փողոց դուրս կգան.

«Մենք այս ագամ սխալվելու իրավունք չունենք պարզապես; Կգա այն ժամին, ամեն Աստծո օր ինչպես ասել եմ, այն ժամանակ, երբ մենք կհայտարարենք հրապարակ դուրս գալու մասին, հրապարակնե՛ր դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պիտի լինի: Այն պահին, երբ դուրս եկանք փողոց ու ձեզ հանդիպեցինք փողոցում, այդ ժամանակ ուրեմն իմացեք, որ ամեն ինչ վերջանալու է»:

Թե ինչ հաշվարկներով է նման հայտարարություն անում, Բագրատ սրբազանն այդպես էլ չասաց: Բայց հիասթափված էր իրեն աջակցած քաղաքական ուժերից: Առանց անուններ տալու նեղսրտեց, թե չափից շատ է նրանց վստահել: Իր սխալներից մեկն էլ հենց սա համարեց:

«Մեր հիմնական խնդիրը եղել է կազմակերպչական, եղել է ժամանակը չունենալ այդ լայն կազմակերպչական աշխատանքը կատարելու, և հիմնական խնդիրը եղել է նաև որոշակի վստահությունը, որ մենք ունեցել ենք այս կամ այն պատասխանատուների նկատմամբ, որոնք ի վերջո ինչ-որ ձևով չեն իրականացվել», - նշեց Բագրատ Գալստանյանը՝ հավելելով. - «Դրանց մեջ կան քաղաքական ուժեր, կան ոչ քաղաքական ուժեր: Ես շատ բան չեմ կարող այս մասին ասել, անկեղծորեն չեմ կարող, իմ բարոյականությունը թույլ չի տալիս խոսել դրա մասին»:

Պայքարի սկզբնական փուլում ընդդիմադիր շարժմանն իրենց աջակցությունն էին հայտնել հայաստանյան քաղաքական դաշտի բազմաթիվ կուսակցություններ, մի մասը տևական ժամանակ անգամ ցույցերի ակտիվ մասնակիցների շարքում էր: Ոմանք հետագայում քննադատում էին Բագրատ արքեպիսկոպոսին հստակ քաղաքական ասելիք և ճանապարհային քարտեզ չունենալու համար: Շարժման առաջնորդն այսօր կրկին հրաժարվեց դա անել:

«Մենք կռվի մեջ ենք, մարտավարություն ունենք, տարբեր ռազմավարություններ ունենք, մի օր մեկը կձախողվի, մեկը չի ձախողվի: Եվ մենք էդ բոլորից ի վերջո գնահատելով ընտրություն ենք կատարում, թե ինչ ճանապարհով ենք գնալու առաջ: Սա անտեղետալի երկարատև կռիվ է ուղղակի», - ասաց նա:

Շարունակեց կրկնել՝ իր առաջնորդած պայքարը չակնկալիքների մասին է: Չի՞ ստացվում, որ մի կողմից սխալներից է խոսում, մյուս կողմից՝ կրկնում դրանք:

«Ես ոչ մեկ մոտ կեղծ ակնկալիք ձևավորելու ոչ ցանկություն և ոչ էլ պատրաստակամություն ունեմ: Ես ինքս ինձ համար եմ ձևակերպել, ձևավորել ակնկալիքները և այդպիսով էլ դուրս եմ եկել փողոց», - ասաց Բագրատ արքեպիսկոպոսը:

Տևական ժամանակ է՝ փողոցային ակցիաներ չեն անցկացվում: Վերջինը երկու ամիս առաջ էր, երբ պետական գերատեսչությունները վավերացնում էին սահմանազատման կանոնակարգը: Այժմ անելիքների մշակման փուլում են, վստահեցրեց Բագրատ Գալստանյանը:

Իրեն ուղղված մյուս քննադատություններին, թե վճռականություն չի ցուցաբերել, երբ հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքված, չընդունեց, թե սխալվել է. - «Նրանք, ովքեր էդ մասին խոսում են՝ վճռական, բան, և այլն, ես երբեք չեմ եղել ո՛չ փողոցում, ո՛չ հրապարակում, չեմ հավաքել, հավաքված ժողովրդին չեմ եկել կանգնել գլուխ ասել՝ չէ որ չէ, ես եմ անելու, էդ մարդիկ իրենք շատ մեծ հնարավորություն ունեին էդ դեպրեսիվ վիճակից դուրս գալու համար՝ և՛ վճռական գտնվելու, և՛ առաջորդելու, և՛ ժողովուրդ հավաքելու կամ էլ հավաքված ժողովրդին ղեկավարելու՝ ամեն հնարավորություն ունեցել են մինչև 2024 թվականի ասեմ մայիս ամիսը; Ունեցել են»:

2026-ին սպասվող խորհրդարական ընտրություններին ընդդիմադիր շարժման առաջնորդը մտադիր չէ մասնակցել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG