Մատչելիության հղումներ

Ոստիկանները փակել են Հանրային ՀԸ տանող ճանապարհը. Բագրատ սրբազանը չի ընդունում հարցազրույցի առաջարկը (թարմացվող)

Լրացված

22:15

Վարչապետի թեկնածուի հարցը կենաց-մահու խնդիր չէ. Բագրատ Սրբազան

«Վարչապետի թեկնածու» կոչվածը պայմանական է, կենաց-մահու խնդիր չէ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց Բագրատ Գալստանյանը։

«Այստեղ հարցը պետությունն է, եթե կան մարդիկ, ովքեր թե վարչապետի թեկնածու են, թե այլ հանգամանքներով ուզում են ներգրավված լինել, անշուշտ, թող լինեն», - նշեց նա։

21:57

Հանրայինի ճանապարհը փակ է

Ոստիկանները փակել են Հանրային ՀԸ տանող ճանապարհը։

21:51

«Մենք ուղիղ եթերում հարցազրույց չենք ուզում»

Ընդդիմադիր շարժման առաջնորդը Հ1-ից հարցազրույց չի ուզում։ Պատասխանելով ՀԸ հայտարարությանը՝ Բագրատ սրբազանն իր հերթին շեշտեց. - «Մենք ուղիղ եթերում հարցազրույց չենք ուզում։ Մենք եթերով ուղերձ ենք ուզում։ Հարցազրույցների ժամանակը վաղուց անցել է»։

21։27

Հանրայինն առաջարկում է հարցազրույց ուղիղ եթերում

Հանրային հեռուստաընկերությունն արձագանքել է Բագրատ սրբազանի հայտարարությանը, թե շարժվում են Հ1՝ ուղիղ եթեր պահանջելու։ Հանրայինը շեշտել է, որ շարժման մեկնարկից ի վեր «բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում»։

«Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։ Ինչպես նախկինում, հիմա էլ Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին», - ասված է հայտարարության մեջ:

20։43

Սրբազանը Հ1-ից ուղիղ եթեր է պահանջում

Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարեց Հանրային ՀԸ շարժվելու մասին՝ պահանջելու ուղիղ եթեր։

«Այնտեղ կորոշենք, թե մեր հաջորդական ընթացքն ինչ է լինելու», - ասաց նա։

20։35

«Ինչքա՞ն կտևի՝ դա մենք ենք որոշելու»

«Մեզ անընդհատ ասում են՝ ինչ ծրագիր ունեք։ Մեր ծրագիրը որպես հիմնական ուղղություն այս չարիքից ազատվելն ու վռնդելն է։ Ինչքա՞ն կտևի՝ դա մենք ենք որոշելու», - իր ելույթում հայտարարեց Բագրատ սրբազանը։

20։17

Բագրատ սրբազանն իրավապահների կոչերը վերագրեց իշխանության վախերին

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման հանրահավաքը։ Նրանք շարունակում են պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Մինչև հանրահավաքը այս տարածքում արդեն ոստիկանական ուժեր էին կուտակվել։ Հիմա էլ ոստիկանական շարասյուները շղթայել են կառավարության շենքը։

Սա հունիսյան դեպքերից հետո, երբ բախումներ եղան ցուցարարների ու ոստիկանների միջև ԱԺ-ի հարակից տարածքում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջին հանրահավաքն է հրապարակում։

Այս փուլը շարժման առաջնորդը կոչում է հաղթանակի ու հույսի։

Նախքան հանրահավաքը ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հայտարարությամբ հորդորել էին ընդդիմադիրների զերծ մնալ սահմանադրական կարգը բռնի տապալելու ու հասարակական կարգը խախտելու գործողությունների կոչերից կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց։

Նախքան հանրահավաքը լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանն այս կոչերը վերագրեց իշխանության վախերին. - «Մենք ունենք մեր ծրագիրը, գործողությունները, ինչ անելու ենք, հրապարակում է լինելու, թաքնված բան չկա»։

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պայքարի սկզբից իշխանականները պնդել են, թե վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ավելի վաղ վստահություն էին հայտնել՝ աշնանն էլ շարժումը հաջողության չի հասնի։
  • Ապրիլին սահմանազատման դեմ պայքար սկսած Բագրատ սրբազանը Տավուշից, ավելի կոնկրետ Կիրանց գյուղից քայլերթով Երևան էր եկել, ինչից հետո մայիսի 9-ին մայրաքաղաքում հանրահավաք եղավ, ապա սկսվեցին բողոքի ակցիաները, ցույցերը:
XS
SM
MD
LG