Մատչելիության հղումներ

«Պատրաստության մեջ ենք». Բագրատ սրբազանի խոսքով՝ պայքարը մինչև ընտրություններ չի ձգձգվի


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Սուրբ Աննա եկեղեցու բակում, Երևան, օգոստոս, 2024թ.
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Սուրբ Աննա եկեղեցու բակում, Երևան, օգոստոս, 2024թ.

Որոշակի դադարից հետո երեկ երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում դարձյալ ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Մինչ այդ նա մոտ մեկ շաբաթ հիվանդանոցում էր, ուստի լրագրողների առաջին հարցը ինքնազգացողության մասին էր։

«Շատ ընտիր», - պատասխանեց նա։

Ինքը՝ Գալստանյանը շտապեց ցրել կասկածները, թե հիվանդանոց գնալը քաղաքական պայքարից դուրս գալու համար էր. - «Այն, ինչ որ ասում են, որ ես մտել եմ բժշկական կենտրոն, որ այս պայքարից դուրս գամ, ուրեմն շատ ուրախ լուր ունեմ՝ այդպիսի բան գոյություն չունի»։

Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով:

Սեպտեմբերին իրենց քաղաքական օրակարգի շուրջ մանրամասները, սակայն, Գալստանյանը դեռ չի հայտնում, միևնույն ժամանակ վստահեցնելով՝ պայքարը ունի նաև չերևացող կողմ:

«Մենք կոնկրետ քայլերով պատրաստության ընթացքի մեջ ենք, իմ բժշկական կենտրոն մտնելն էլ մի քիչ հետաձգեց ընդհանուր պատրաստությունների ընթացքը, բայց փառք Աստծո, աշխատանքներն ընթանում են։ Ես չգիտեմ՝ ինչու է մեր տրամաբանությունն այնպես, որ պայքարի ակտիվ փուլը միայն փողոցում երևալու մասին է։ Միշտ ասել եմ՝ պայքարն ունի իր արտաքին երևացող շերտը, ունի ներքին երևացող շերտը։ Մենք երկու ուղղությամբ էլ փորձում ենք ընթանալ առաջ», - ասաց նա։

Արդյոք հնարավոր է պայքարը ձգվի մինչև 2026-ի հերթական ընտրություններ, արքեպիսկոպոսն արձագանքեց. - «2026-ի ընտրություններ չի ձգվի, ոչ մեկը տրամադրություն չունի որևէ ձևով որևէ տեսակի ձգձգումներ անելու, երկարացնելու։
Ընթացքը գնում է ինքն իրենով, մենք պատրաստության մեջ ենք»։

Ինչ վերաբերում է իրենց աջակիցների հավաքին, որը Բագրատ Գալստանյանը ցանկանում է մարզահամերգային համալիրում անցկացնել, ընդդիմության առաջնորդը նշեց, որ վաղը սպասվում են բանակցություններ այդ հարցով: Վայրի տրամադրման հետ, ըստ Գալստանյանի, խնդիրներ էին ծագել, իրենց դիմումին էլ անորոշ խուսափոխական պատասխաններ էին տալիս, սակայն դահլիճի հարցով հստակություն կլինի:


Արդյոք ընդդիմադիր դաշտում այժմ քննարկում են իրենց վարչապետի թեկնածուին, այսինքն՝ իրեն փոխարինելու հարց, Բագրատ սրբազանն ասաց՝ վարչապետի թեկնածու հասկացությունը պայմանական է, ինքն էլ նման ձևակերպմանն ի սկզբանե կողմ չէր. - «Ո՞վ պիտի փոխի կամ չփոխի, որևէ հարց չկա դրված, որևէի մեկի մտքում էլ, արդյունքն է ինձ համար կարևոր, վստահ եմ բոլորի համար։ Պայմանական բան է դա. վարչապետի թեկնածու կամ ընտրություններով է լինում, կամ այլ ճանապարհով։ Երբ կլինի, կա, թեկնածություն կա, ցանկություն, առաջնորդություն կա…ամենասկզբից ես ասել եմ՝ ես այս շարժման հոգևոր երաշխավորն եմ։ Հիմա եթե ստացվել է այնպես, որ քաղաքական դաշտն իմի է եկել ու համաձայնել են այն կարգավիճակին, որ տրվել է թե՛ ժողովրդի կողմից, թե՛ քաղաքական դաշտի, հիմա դա մնում է, կլինի, թող լինի։ Արդյունք թող լինի, ուրիշ հարց չկա»։

Բագրատ Գալստանյանը, որը քաղաքական կյանքում հայտ ներկայացրեց անցած մայիսին՝ Տավուշից քայլերթով և վարչապետի հրաժարականը պահանջելով, և ում փողոցային պայքարը այդպես էլ հաջողության չհասավ՝ հունիսին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բախվելով ոստիկանությանը, առայժմ իրենց ծրագրերի մասին շատ մանրամասն չի խոսում՝ հստակ հայտարարելով միայն, որ կուսակցություն ստեղծել չի պատրաստվում:

XS
SM
MD
LG