«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների առաջնորդները հինգշաբթի հայտարարել են, որ պատրաստ են աջակցել Սիրիայում Բաշար ալ-Ասադի տապալումից հետո իշխանության փոխանցմանը «ներառական և ոչ աղանդավորական» կառավարությանը։
Հայտարարության մեջ նրանք կոչ են արել պաշտպանել մարդու իրավունքները, ներառյալ կանանց և փոքրամասնությունների իրավունքները՝ միաժամանակ ընդգծելով «Ասադի ռեժիմին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը»:
G7-ը ներառում է Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Նահանգները և Իտալիան: Նրանք կոչ են արել Սիրիայում իշխանությունը ստանձնող ուժերին «կանխել պետական հաստատությունների փլուզումը» և «պայմաններ ապահովել անվտանգ և արժանապատիվ կամավոր վերադարձի համար բոլոր նրանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել Սիրիայից»:
G7-ի առաջնորդները կոչ են արել բոլոր կողմերին «պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը և հարգել Սիրիայի անկախությունն ու ինքնիշխանությունը»:
«Մենք պատրաստ ենք աջակցել անցումային գործընթացին, որոնք կհանգեցնեն վստահելի, ներառական և ոչ աղանդավոր կառավարման, որը կերաշխավորի օրենքի գերակայությունը, մարդու համընդհանուր իրավունքները՝ ներառյալ կանանց իրավունքները, բոլոր սիրիացիների պաշտպանությունը՝ ներառյալ կրոնական և էթնիկ փոքրամասնություններինը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ «Մեծ յոթնյակ»-ը կաշխատի և լիովին կաջակցի Սիրիայի ապագա կառավարությանը, որը կհամապատասխանի այդ չափանիշներին», - ասված է հայտարարության մեջ։