Մատչելիության հղումներ

Խամենեին պնդում է, որ Ասադին տապալել են ԱՄՆ-ը, Իսրայելը և «հարևան երկրներից մեկը»


«Սիրիայում տեղի ունեցածը արտաքին ուժերի՝ նախևառաջ ամերիկացիների և իսրայելցիների ծրագրածն էր», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին՝ ակնարկելով նաև Թուրքիայի դերակատարության մասին։

«Որևէ կասկած չկա, որ Սիրիայում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների և սիոնիստների համատեղ մշակած ծրագիրն էր։ Այո, հարևան պետություններից մեկի կառավարությունը ևս Սիրիայում հստակ դերակատարություն է ունեցել, այժմ էլ ունի և կշարունակի ունենալ։ Բայց այս ամենի իրական նախաձեռնողներն ու ուղղորդողները Ամերիկայում և Իսրայելում էին։ Մենք հստակ ապացույցներ ունենք և դրանք որևէ կասկածի տեղ չեն թողնում», - հայտարարում էր Խամենեին։

Բուն Դամասկոսում կյանքն աստիճանաբար բնականոն հուն է մտնում։ Նախօրեին արևմտյան մի շարք աղբյուրներ հաղորդեցին, որ Դամասկոսը գրաված «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը հրահանգել է իր զինյալներին լքել Սիրիայի խոշորագույն քաղաքները՝ դրանք փոխարինելով մինչև վերջին հարձակման մեկնարկը Իդլիբում ստեղծված ոստիկանական ստորաբաժանումներով։

Իդլիբից Դամասկոս է հասել նաև, այսպես կոչված, Սիրիայի փրկության կառավարությունը, որի անդամները երեկ հանդիպեցին Ասադի կառավարության նախարարների հետ՝ պայմանավորվելով իշխանության փոխանցման մասին։ Սիրիայի անցումային կառավարությունն առաջիկա ամիսներին ղեկավարելու է Իդլիբից Դամասկոս ժամանած, մասնագիտությամբ ինժեներ Մոհամադ ալ-Բաշիրը։

«Այսօր կայացած խորհրդակցությանը մասնակցում էին Իդլիբում գործող փրկության կառավարության աշխատանքային խմբի անդամները և տապալված ռեժիմի կառավարության նախարարները։ Նիստի նպատակը իշխանությունից հեռացված կառավարությունից նորին գործերի փոխանցումն էր։ Անցումային կառավարությունն, ամենայն հավանականությամբ, կգործի մինչև գալիք տարվա մարտի մեկը», - հայտարարում էր ալ-Բաշիրը։

Սիրիական նոր իշխանություններն առաջիկա ամիսներին երկրում շատ անելիք կունենան։ Դրանցից մեկն, ըստ ամենայնի, նոր Զինված ուժերի ստեղծումն է լինելու։ 13 տարվա քաղաքացիական պատերազմի ընթացքում ամբողջությամբ հյուծված և բարոյալքված կառավարական բանակն այժմ, ըստ էության, գոյություն չունի՝ զինծառայողների մեծ մասը կամ գնացել է տուն, կամ էլ փորձում է հեռանալ հարևան Իրաք։ Սպառազինության մի զգալի մասն էլ ոչնչացվել է վերջին երեք օրերի իսրայելական հարվածների հետևանքով։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը մի քանի հարյուր հարված է հասցրել Սիրիայի տարածքին՝ ոչնչացնելով զինապահեստների, ռազմանավերի և ռազմական հետազոտական կենտրոնների մեծ մասը։ Դրան էլ գումարած Իսրայելի բանակի ցամաքային ստորաբաժանումները, հարևան երկրում տիրող քաոսից օգտվելով, ամբողջական վերահսկողություն են սահմանել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտու հանդեպ։ «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին, սակայն, բացառում է, որ Սիրիան նոր պատերազմի մեջ կներքաշվի։

«Վախենալ պետք չէ։ Երկիրը վերակառուցվելու է։ Վախի աղբյուրը նախկին վարչակազմն էր, այն այլևս գոյություն չունի։ Մարդիկ հոգնել են պատերազմից և նոր պատերազմի մեջ ներքաշվել մենք չենք պատրաստվում», - նշում էր ալ-Ջուլանին։

Արևմտյան մամուլում սիրիացի զինյալների հարձակման նոր մանրամասներ են ի հայտ գալիս

Դամասկոսում իշխանափոխությանը զուգահեռ արևմտյան մամուլում սիրիացի զինյալների սրընթաց հարձակման նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Մերձավոր Արևելքին թերևս ամենաքաջատաղեյակ ամերիկացի լրագրողներից մեկը՝ Դևիդ Իգնատիուսը, The Washington Post-ի այսօրվա համարում որոշ մանրամասներ է հաղորդել ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման՝ Իդլիբից մեկնարկած և Դամասկոսում ավարտված 12-օրյա հաղթարշավի մասին։

«Քաջատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ երկուսից չորս շաբաթ առաջ ուկրաինական հետախուզությունը 150 փոքր դրոն և անօդաչու սարքերի մոտ երկու տասնյակ փորձառու օպերատորներ է ուղարկել Իդլիբ՝ այնտեղ տեղակայված առաջատար խմբավորմանը «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին օգնելու համար։ Ուկրաինայի կողմից սիրիացի զինյալներին ցուցաբերվող գաղտնի օժանդակությունը այնքան էլ մեծ գաղտնիք չէր։ Չնայած դրան՝ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները շարունակաբար պնդում էին, թե դրա մասին որևէ տեղեկություն չունեն», -գրում է The Washington Post-ը։

Արևմտյան ևս մեկ հեղինակավոր լրատվամիջոց՝ Bloomberg-ը, որոշ մանրամասներ է պարզել Բաշար Ասադի իշխանության վերջին ժամերի մասին։

«Ռուսաստանը համոզել է Ասադին, որ նա Ալ-Քաեդայի նախկին մասնաճյուղ «Հայաթ Թահրիր աշ-Շամի» կողմից ղեկավարվող զինված խմբերի դաշինքի դեմ պայքարում տանուլ է տալու՝ առաջարկելով Սիրիայի նախագահին և նրա ընտանիքին անվտանգ կերպով դուրս բերել երկրից՝ բայց մի պայմանով, որ դա արվի անհապաղ», - երեք աղբյուրներ վկայակոչելով՝ գրում է Bloomberg:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է պարզել, թե ինչպես են Ռուսաստանի հետախուզական ծառայությունները աչքաթող արել Ասադի իշխանությանը սպառնացող վտանգները՝ դրանց աճը նկատելով, երբ արդեն շատ ուշ էր», - ամերիկյան պարբերականի հետ զրույցում նշել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։

Այս ամենի ֆոնին այսօր տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն Սիրիայում իշխանությունը վերցրած իսլամիստները պղծել են Բաշար Ասադի հոր՝ երկիրը շուրջ 30 տարի կառավարած Հաֆեզ Ասադի դամբարանը։

BBC-ի տեղեկություններով՝ զինյալները դամբարանի տարածքից դուրս են բերել և հրկիզել են այն դագաղը, որտեղ ամփոփված էր նախկին նախագահի մարմինը։

XS
SM
MD
LG