Միացյալ Նահանգները մի քանի ամիս է Ուկրաինային տրամադրում են հետախուզական տվյալներ, որոնք օգնում են հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի քանի ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների:
Ըստ պարբերականի զրուցակցի՝ Սպիտակ տան քաղաքականույթյան մեջ փոփոխությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսազրույցին: Վաշինգտոնը սկսել է Կիևին ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել, որը թույլ է տալիս ավելի ճշգրիտ տեղորոշել ռուսաստանյան հակաօդային պաշտպանության դիրքերը և ավելի արդյունավետ մշակել հարվածային անօդաչուների թռիչքի ուղիները:
FT-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ Կիևն ինքնուրույն է ընտրում հարվածների թիրախները, իսկ Միացալ Նահանգներն օգնում է պարզել դրանց խոցելիությունը: Հրատարակության այլ աղբյուրներ էլ ասել են, որ ԱՄՆ-ը նաև որոշում է հարվածների առաջնային թիրախների ցուցակը:
FT-ի զրուցակիցների հավաստմամբ՝ Վաշինգտոնում դիտարկում են հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման ձեռնարկություններին և այլ էներգետիկ օբյեկտներին որպես գործիք, որը կարող է Կրեմլին պարտադրել նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ռուսաստանյան նավթագազային օբյեկտներին և խողովակաշարերին ուկրաինական ուժերի հարվածների ինտենսիվությունը կտրուկ աճել է օգոստոսին և սեպտեմբերին, նշում է պարբերականը: Դա հանգեցրել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների աշխատանքում լուրջ խափանումների: Energy Aspects-ի վերլուծաբանների տվյալներով՝ ռուսաստանյան 38 նավթավերամշակման գործարաններից առնվազն 16-ը տուժել են հրդեհներից: