Այսօր լրանում է Ստեփանակերտում ողբերգական պայթյունի երկրորդ տարելիցը:
Երկու տարի առաջ այս օրն էր, Մարտունեցի տղամարդը շատ լավ է հիշում Հայկազովի զորամասի բենզինի պահեստի հենց առաջին հորի մոտ էր՝ երեք որդիների հետ. «Մեկ էլ մի հատ ձեն եկավ ու ոչ մի բան էլ չեմ հիշում։ Կես ժամից հետո տեսա սաղ վառված է»։
Պայթյունի ալիքը նրան հեռու է շպրտել, այդպես փրկվել է։ 20-ամյա որդին, որի ձեռքին էին բենզինի արդեն լիքը, տարաները ծանր այրվածքներ էր ստացել, բայց հայրն ասում է՝ կապրեր, եթե արագ բուժօգնություն ստանար։ Որդին պոստից նոր էր իջել, փրկվելու բենզին էին փնտրում։ Սենորիկ Սարգսյանն ասում է՝ դժոխային այդ օրը պահեստի տարածքում հիմնականում պատերազմներից փրկվածներն էին. «Պոստերից իջել են մի կերպ բեզին հայթայթեն, որ ընտանիքը տեղափոխեն»։
219 զոհ, 300 վիրավոր ու մինչև այժմ 22 անհետ կորած. սա է Արցախի ամենածանր՝ պատերազմի ու տեղահանման ժամերին որոտացած պայթյունի հետևանքը։
Նախօրեին Արցախի տեղեկատվական շտաբը մարդկանց հանգստացրել էր՝ բենզալցակայաններում անվճար վառելիք կլինի։ Մարդիկ հերթ էին կանգնել, բայց վառելիք չկար։ Հետո ոչ ոք չի հիշում որտեղից, բայց տեղեկություն պտտվեց, որ Հայկազովում բենզինի պահեստը բաց է, ու սկսվեց մի անկառավարելի շարժ։ Ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի արվարձաններում էին, պիտի հասցնեին բենզին գտնել, հեռանալ։
Երկու տարի անց տուժածների ընտանիքները դեռ սպասում են պատասխանի
Քրիստինե Բաբայանը երկու տարի է չգիտի՝ ումից պատասխան պահանջի 20-ամյա որդու մահվան համար. «Ո՞վ է պատասխան տալիս։ Բանակը ասում է՝ մենք արդեն հանձնել ենք կառավարությանը, կառավարությունը ասում է՝ այդպիսի բան չի եղել։ Հիմա ո՞վ է պատասխան տվել այսքան զոհի համար»։
Պահեստը Պաշտպանության բանակինն էր, շրջափակման ամիսներին էլ այն չէր օգտագործվել, պահել էին ռազմական կարիքների համար։ Եթե նույնիսկ մարդիկ անելանելիությունից դրդված պահեստի տարածք էին հասել, հնարավոր չէ՞ր կազմակերպել, որ կարգ ու կանոն լիներ, հարցնում են դժոխային պայթյունից տուժածների հարազատները. «Երկու տարի է մենք սգում ենք, բայց իրենք վայելում են կյանքը։ Մենք սգում ենք, իրենք վայելում են, ստի գալիս են այստեղ երկու ծաղիկ դնում, գնում։ Ո՞ւր էին իրենց երեխաները բա։ Ամբողջ ինը ամիս, 10 ամիս բլոկադայի ժամանակ, ո՞ր մի նախարարի, ո՞ր մի հարուստի երեխա կա Ստեփանակերտում»։
Մինչև այժմ չկա հրապարակված հստակ տվյալ, թե ի վերջո ինչի՞ց է բռնկվել հրդեհը, արդյոք ծխախոտից, գուցե ադրբեջանական դիվերսիա էր, վարկածները տարբեր են։
Քննչական կոմիտեում արդեն երկու տարի քննվող քրեական գործը ոչ մի հարցի պատասխան չի տվել։ Նախաքննությունն ակտիվ փուլում է, որևէ մեղադրյալ չկա։ Երկու տարի նույնն ենք լսում իրավապահներից։
Թամարայի որդուն՝ Գոռին, նույնպես փրկել չի ստացվել։ Ստեփանակերտից նրան ուղղաթիռով Երևան են տեղափոխել։ Այստեղ պլաստիկ վիրահատությունից հետո արյան վարակ է ստացել, սա են ասել ծնողներին։ Մայրը պատմում է՝ սեպտեմբերի 19-ի մարտական գործողություններից փրկված որդին վախեցած էր տուն հասել, ուզում էր շուտ բենզին գտնել, շուտ հեռանալ Արցախից։
Թամարան մեղադրում է թե՛ Արցախի ու թե՛ Հայաստանի իշխանություններին, անվտանգ տարհանում հնարավոր չէ՞ր կազմակերպել։
Հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած այս աղետը պատերազմական գործողությունների ստվերում մնաց երկու տարի առաջ և ստվերում է մինչև այժմ։ Տուժած, հաճախ մի քանի զոհ ունեցող ընտանիքները որևէ կարգավիճակ չստացան, նրանց համար սոցիալական ծրագիր չմշակվեց։ Միակ վկայությունը, որ այդպիսի բան եղել է, «Եռաբլուր»-ում կանգնեցված հրդեհվող խաչքարն է ու դժոխքը տեսած ու ողջ մնացածների հիշողությունը։