Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի պնդումը


Բաքվի պնդումը չի համապատասխանում իրականությանը, փոխանցում են ՀՀ ՊՆ-ից։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Բաքվի պնդումը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի ՊՆ-ն մասնավորապես նշել է, թե հայկական կողմը Խոզնավար և Խնածախ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բաքուն ավելի վաղ էլ հայտարարել էր, թե ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-ից մինչև 22:30-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այս պնդումը ևս Երևանը հերքել է:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցնում է՝ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Ռազմական գերատեսչությունը վերահաստատում է՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։

Շաբաթներ շարունակ Բաքուն Երևանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ չդադարող կրակոցների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG