Մատչելիության հղումներ

Երևանը դեռ չի պատրաստվում Հալեպից տարհանել ՀՀ քաղաքացիներին ու սիրիահայերին


Երևանը դեռ չի պատրաստվում Հալեպից տարհանել Հայաստանի քաղաքացիներին ու սիրիահայերին։ Ըստ Արտգործնախարարության՝ այս պահին անհնար է անվտանգ տարհանումը։

Սիրիայի մեծությամբ երկրորդ ու ամենահայաշատ քաղաքն արդեն քանի օր է՝ իսլամիստ ապստամբների վերահսկողության տակ է։

«ԱԳ նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Թե որ դեպքում է հնարավոր հայերի տարհանումը, Հայաստանի Արտգործնախարարությունից չեն հստակեցնում։ Ռազմական գործողությունների մեկնարկից օրեր անց միայն արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնեց, որ Դամասկոսում Հայաստանի դեսպանատանը թեժ գիծ է գործարկվել։

Թե Հալեպում ու Սիրիայի մյուս բնակավայրերում Հայաստանի քանի քաղաքացի կա, պարզ չէ։ Հստակ չէ նաև Սիրիայում ապրող հայերի ճշգրիտ թիվը։ Հալեպում տարբեր գնահատականներով 10 հազարից ավելի հայ կա։ Թե հայկական ընտանիքներից քանիսն են հեռացել անցած օրերին, տեղեկություն չկա։

Հալեպահայ Ժիրայր Ռեիսյանն այսօր «Ազատությանը» պատմեց՝ քաղաքում հացի խնդիր կար, բայց տեղի հայկական կառույցները փորձում են լուծել այդ հարցը։

Կառավարական ուժերի ու ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված զինյալների բախումների հետևանքով մինչ այս պահը, ըստ պաշտոնական տեղեկությունների, հայերի շրջանում մեկ զոհ կա։ Հաղորդվել էր, որ Հալեպից դուրս գալիս՝ դիպուկահարի կրակոցից ստացած վիրավորումից է մահացել 66-ամյա Երվանդ Արսլանյանը։

Կառավարական ուժերը քաղաքը լքել են և հիմա զինյալներին ռուսական օդուժի օգնությամբ են թիրախավորում։ Ձայները Հալեպում բնակվողներին հստակ լսելի են։ Ժիրայր Ռեսիյանն ասում է, որ մարդիկ քաղաքում զգուշավոր են, հիմնականում տներում են։

«Կան կենցաղային դժվարություններ, որոնք մեր պարագայում որպես հայ համայնք, Ազգային առաջնորդարանը ամեն միջոց ձեռք է առել, որպեսզի որևէ հայ ընտանիք դժվարություն չունենա», - ներկայացրեց նա:

Ռազմական գործողությունների հետևանքով Հալեպում էլեկտրականությունը, ինտերնետ կապը՝ խափանումներով են գործում։ Ըստ Ռեսիյանի՝ քաղաքի մի քանի թաղամասերում խմելու ջուր չկար, բայց արդեն վերականգնվել է։

XS
SM
MD
LG