Մատչելիության հղումներ

Երևանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ երկրի նկատմամբ, միայն իր պաշտպանական կարողություններն է արդիականացնում․ Միրզոյան


Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ, հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Հնդկաստանում արտադրված պաշտպանական միջոցներ, հատկապես «Պինակա» ձեռք բերելու շուրջ Բաքվի դժգոհություններին։

Միրզոյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողություններն արդիականացնելն է։

«Ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է, մանրամասներ, սակայն, պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում։ Արդեն 2022-ի աշնանը հնդկական մամուլը գրեց՝ Երևանը և Դելին սպառազինությունների մատակարման մասին գործարք են կնքել, որի ընդհանուր ծավալը հասնում է 260 միլիոն ամերիկյան դոլարի, և որի առանցքային կետը «Պինակա» համակարգերի վաճառքն է։

Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե «Հայաստանի սպառազինության քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար»։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է՝ մարտունակ բանակ ունենալը երկրի ինքնիշխան իրավունքն է։

«Երևանը բավականին դինամիկ երկխոսություն է վարում Անկարայի հետ»

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միրզոյանը նախ հիշեցրել է, որ արևմտյան հարևանի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն երեք տասնամյակից ավելի, ապա շարունակել, որ այս պահին Երևանը բավականին դինամիկ երկխոսություն է վարում Անկարայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։

Հայաստանի արտգործնախարարնը նշել է՝ թեև հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել։

«Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար», - ասել է Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ Երևանը մեծ հետաքրքրություն ունի նաև Թեհրանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

«Հայաստանը շատ կենտրոնացած է խաղաղության կառուցման վրա, իհարկե, խաղաղություն կառուցելը՝ նախևառաջ Հայաստանի, Հարավային Կովկասի, մեր հարևանների համար: Բայց մենք նաև կարծում ենք, որ խաղաղությունը միակ լուծումն է աշխարհի մյուս բոլոր երկրների համար ևս», - եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Երևանն ու Անկարան հարաբերությունները փորձում են կարգավորել 44-օրյա պատերազմից հետո: Բացի երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, տարբեր առիթներով հանդիպել են արտգործնախարարները, նաև ղեկավարները: Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հայտարարություններ հնչել են, բայց առանց գործողությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG