Երևանում այս պահին 359 բազմաբնակարան շենք է կառուցվում, դրանք պետք է ամբողջ բարձրությամբ ծածկված լինեն սահմանված խտությամբ հատուկ ցանցերով: Քաղաքով շրջելիս անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանք կա՛մ պատառոտված են, կա՛մ շինությունների մի մասն է միայն ծածկված, կամ ...
Այս խախտումների համար 70-100 հազար դրամ տուգանք է նախատեսված: Թե մինչ օրս քանի կառուցապատող է տուգանվել, քաղաքապետարանի պաշտոնյան երեկվա գործակարգավարական նիստի ընթացքում չմանրամասնեց, միայն նշեց՝ վերջին երկու ամսում շինհրապարակների սահմանված պայմանների խախտման 100 արձանագրություն են կազմել՝ կառուցապատողներին սխալը շտկելու ժամանակ տալով. - «37-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, 47-ը՝ հասարակական կարգի պահպանության ծառայության, 17-ը՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից: Նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է 3-ով»:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց փոշեկլանիչ ցանցերի կիրառման առավել մանրամասն նորմեր մշակել ու տուգանքների չափը վերանայել. - «Շատ տարբեր ձևի են կազմակերպում տարբեր շինարարական կազմակերպություններ փոշեպաշտպանիչ ցանցերի կահավորումը, և գրագետ ձևի ենթադրաբար որոշակի ստանդարտներով եվրոպական երկրներում իրականացվում է, մասնավորապես՝ որոշակի հեռավորության վրա ինչ-որ բան է հավաքվում՝ կարկաս կոչենք, որի վրա էլ հենց հավաքվում է այդ փոշեպաշտպանիչ ցանցը» Կարծում եմ՝ սա պարտադիր պետք է ավագանու որոշման մեջ զետեղված լինի»:
«Երևանի ՏԻՄ օրենքի շրջանակում կամ միգուցե դրանից դուրս վերանայենք նաև տուգանքների չափը՝ մասնավորապես հենց այդ խախտման դեպքերի համար», - հավելեց քաղաքապետը:
Քաղաքային իշխանությունը դեռ նախորդ տարի է խստացրել շինհրապարակների համար սահմանված պայմանները: Կառուցապատողները պետք է ջրի տարածվող շիթերով շինհրապարակը խոնավ պահեն, օդի որակի մոնիթորինգի սարքեր տեղադրեն, դրանց արձանագրած ինֆորմացիան պետք է օնլայն տարբերակով հասանելի լինի քաղաքապետարանին: Բացի այդ, կառուցապատողը պետք է շինհրապարակի ելքի հատվածում մետաղական հատուկ էստակադա ունենա, որ մեքենան հրապարակից դուրս գալիս անվադողերը լվանալու հնարավորություն ունենա ու փոշին չտարածի: «Ազատության» նկարահանման պահին, սակայն, շինհրապարակներից մեկից դուրս եկող բեռնատարը փոշին իր հետևից տարածեց ամբողջ ճանապարհով:
Հայաստանում օդի որակը չափող Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նախորդ երկու շաբաթներին փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի չափը: Պատճառներից մեկը նաև փոշոտ շինհրապարակներն ու հարակից տարածքներն են: