Մատչելիության հղումներ

«Խոսքն այն մասին չէ, որ դրանք էժան են, դրա համար ենք գնել». չինական ավտոբուսներ՝ գերմանականի գույներով


Նոր ավտոբուսների լայնորեն գովազդված հերթական խմբաքանակը Երևան կհասնի մինչև այս տարեվերջ։ Կանաչ երանգով այս մեքենաներն առաջին հայացքից երևանցիներին սպասարկող գերմանական բարձր դասի MAN-երին են նման, բայց իրականում այլ աշխարհամասում են արտադրվել։ 171 նոր ավտոբուսները չինական «Ժոնգ Թոնգ» մակնիշի՝ երևանցիներին ծանոթ նույն կապույտ-սպիտակ մեքենաներն են՝ գերմանականի գույնով ներկված։

Քաղաքապետարանից ավելի վաղ ընդունել էին՝ չինականն են գնել, որովհետև ավելի էժան է, մինչդեռ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքում է, թե գինն է պատճառը։

«Խոսքը նրա մասին չէ, որ դրանք էժան են, դրա համար ենք գնել։ Մենք ունենք 8.5 մետրանոց ավտոբուսների արդեն իսկ պարկ որոշակի, և այդ պարկը ծիածանի բոլոր գույների տրամաբանությամբ, տարբեր երկրներից տարբեր ավտոբուսներով համալրելը նույնպես իր բարդություններն ունի», - նշեց քաղաքապետը։

Ո՞րն է այս հակասությունների պատճառը, Ավինյանը չգիտի՞, թե ինչ են ասում տեղակալները, պարզաբանումներ չկան։

Ավտոբուսները կհասնեն, ու արդեն հաջորդ հունվարից միասնական տոմսային համակարգը կգործարկվի։

Չնայած տրանսպորտի որակի հետ կապված դժգոհություններին, ահազանգերին, որ սոցիալական մի նոր ծանր բեռ է ավելանալու երևանցիների ուսերին, քաղաքային իշխանությունները հետքայլ չարեցին, տրանսպորտը կթանկանա։ Վճարումները կկատարվեն քարտային եղանակով։ Համակարգը «Թելսել» ընկերությունն է սպասարկելու։ Ավտոբուսներում հիմա էլ կան անկանխիկ վճարում ընդունող սարքեր, թեև այս եղանակով հատուկենտ ուղևորներ են վճարում կատարում։

Հունվարի 1-ից արդեն բոլորը այսպիսի սարքերից պետք է օգտվեն։ Կկարողանա՞ այս համակարգն ամեն օր հարյուր հազարավոր քաղաքացիների սպասարկել, Տիգրան Ավինյանը վստահ է՝ խնդիրը կարգավորելու համար շատ ժամանակ կա։

«Խնդիրները, որոնք նույնիսկ փոքր քանակով օգտվողների դեպքում լինում են, որոշակի բարելավման ժամանակ են մեզ տալիս, այսինքն՝ մենք դեռևս մինչև հունվարի 1-ը շատ մեծ ժամանակ ունենք, որտեղ «Թելսել» ընկերությունը բոլոր խնդիրները կարող է վերացնել», - վստահեցրեց նա։

Տիգրան Ավինյանը ասուլիս էր հրավիրել Երևանում սրվող խնդիրների ֆոնին՝ հեղեղումներ, ջրանջատումներ, մաշված կոյուղի, շարքը շարունակելի է։ Երևանը մեծ ներդրումների կարիք ունի, հայտարարում է քաղաքապետը։

Հիմա քննարկումներ են ընթանում «Վեոլիա» ջուր ընկերության հետ կառավարության պայմանագիրը վերանայելու շուրջ։

«Բոլորը գրեթե մաշված են, որտեղ կպնում ես՝ մի բան տրաքում է։ Պետք է նորմալ գումար դնել, այդ հիմնարար աշխատանքներն անել ամբողջապես», - նկատեց նա։

Նիստերի ընթացքում քաղաքապետն իր ենթականերին հաճախ է քննադատում, դժգոհում թերացումների համար։ Տեղ չե՞ն հասնում քաղաքապետի հորդորները, ենթակաները բավարար ուշադրություն չե՞ն դարձնում դրանց։ Ավինյանն ընդունում է՝ անպատասխանատու ենթականեր ունի, բայց նրանք պատժվում են.

«Նրանք վստահաբար պատժվում են, շատ մարդիկ փոխարինվում են, կադրային փոփոխությունների տարբեր պատճառներ կան, բայց վստահեցնում եմ, որ այս դահլիճում տեղի ունեցող խորհրդակցությունները վստահաբար ունենում են արդյունք», - հայտարարեց նա։

Գարնանը տեղումների ժամանակ Ողջաբերդ գետի հենապատն էր փլուզվել՝ ջուրը լցվել էր տներ՝ գույքային վնասներ պատճառելով, բայց ինչպես հետո պարզվեց, բարձրաստիճան պաշտոնյաները շատ ավելի վաղ էին նկատել՝ պատնեշը վնասված է, բայց խնդրին լուծում չէին տվել։

Հետաքննող լրագրողներն էլ քաղաքապետին կոնկրետ փաստերով առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր տվեցին, բայց Ավինյանը հորդորորեց դրանք գրավոր ուղարկել, կպատասխանեն։

XS
SM
MD
LG