Երևանը կրկին խոսում է խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունից, Արևմուտքը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից:
Հայ - ադրբեջանական կարգավորումը Միրզոյան-Բերբոք երեկվա հանդիպման թեմաներից էր: Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում ընթացող Կլիմայի գագաթնաժողովին մեկնելուց առաջ երեկոյան կարճատև կանգառ կատարեց Երևանում: Արտգործնախարարությունը հաղորդեց, որ Արարատ Միրզոյանը նրան պատմել է խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքների մասին՝ ընդգծելով դրա ստորագրման կարևորությունը, խոսել ապաշրջափակման օգուտներից՝ թե՛ տարածաշրջանի, թե՛ դրանից դուրս երկրների համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է Հայաստանի կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաև ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարևոր բաղադրիչ, ասված է հաղորդագրությունում:
Տեսախցիկների առջև Բերբոքը միջնորդական ջանքերի մասին չխոսեց, ինչպես ձևակերպեց՝ ինքը այցով չի ժամանել, այլ կանգառ է կատարել տարածաշրջանում ժողովրդավար գործընկեր երկրում:
Հարավային Կովկասում խաղաղության հարցը մեկ շաբաթում երկու անգամ քննարկել են նաև ԱՄՆ և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ դեմ առ դեմ և հեռախոսով:
Արդեն համաձայնեցված 16 կետերով պայմանագիր ստորագրելու Երևանի նախաձեռնությունը Բաքուն մերժեց: Դրանից հետո բանակցությունները կրկին ամբողջական փաթեթի համաձայնեցմանը վերադարձան:
Հայ - ադրբեջանական վերջին դեմ առ դեմ բանակցությունները երկրների ղեկավարների մակարդակով են անցկացվել՝ մոտ մեկ ամիս առաջ: Չնայած Երևանն ու Բաքուն այդ օրը հայտարարեցին, որ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով. Միրզոյանն ու Բայրամովը դեմ առ դեմ այդ օրից չեն հանդիպել, բայց խաղաղության պայմանագրի նախագծի փոխանակում եղել է:
Նոյեմբերի 5-ին Երևանը Բաքվից առաջարկներ ստացավ, պատասխանեց շատ արագ՝ մեկ շաբաթ անց վարչապետը հայտարարեց այդ մասին:
Ու մինչ Հարավային Կովկասում խաղաղության հարցը ակտիվորեն նաև միջազգային խաղացողներն են քննարկում, Ադրբեջանից վերստին հնչում է նույն՝ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների պահանջը:
«Նույնիսկ եթե կողմերին հաջողվի համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, անհրաժեշտ է, որ Հայաստանի իրավական և սահմանադրական դաշտը համապատասխանեցվի դրան, որպեսզի պայմանագիրը կարողանա կիրառվել ոչ միայն գործող, այլև ապագա կառավարությունների օրոք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: