Երևանը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու և ստորագրելու համար Բաքվին առաջարկներ է ուղարկել, այժմ սպասում է արձագանքի։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, սակայն, չի հստակեցնում՝ երբ են դրանք ուղարկվել և ինչ առաջարկներ են։
Անցած շաբաթ արտգործնախարարն էր տեղեկացրել, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ Արարատ Միրզոյանի, այն պատրաստ կլինի ստորագրման։ «Ազատություն»-ն այսօր փոխարտգործնախարարից հետաքրքրվեց՝ հաջողվե՞լ է արդյոք համաձայնեցնել այդ ձևակերպումները, և ո՞ր փուլում է գործընթացը:
«Նույն փուլում է, ու այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին», - ասաց Հովհաննիսյանը:
Երևանը օգոստոսին Բաքվին ուղարկել էր խաղաղության պայմանագրի նախագծի իր տարբերակը՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրել, ադրբեջանական կողմը, սակայն, կտրուկ մերժել էր: Իսկ թե երբ է Ադրբեջանը նախագծի 11-րդ խմբագրումը փոխանցել Հայաստանին, պաշտոնապես չի հաղորդվել, բայց փոխարտգործնախարարի հայտարարությունից այսօր պարզ դարձավ, որ Երևանը դրան է պատասխանել։
«Հիմնական միտքը հենց բացումն է ճանապարհների՝ համապատասխան «Խաղաղության խաչմերուկի» մեր կոնցեպտի»
Հայկական կողմը Ադրբեջանին նաև տրանսպորտային հաղորդակցությունների բացման առաջարկներ է արել։ Այս դեպքում էլ հայտնի չէ երբ ու ինչ բովանդակությամբ: Արարատ Միրզոյանը միայն նշել էր, որ խոսքը սահմանային անցման պարզեցված ընթացակարգերի մասին է: Թե այլ ինչ բաղադրիչներ կան այդ փաթեթում, այսօր չմանրամասնեց նաև փոխարտգործնախարարը:
«Քանի որ փաստաթուղթը վերջնականացված չէ, մանրամասներ չենք կարող հրապարակել, բայց հիմնական միտքը հենց բացումն է ճանապարհների՝ համապատասխան «Խաղաղության խաչմերուկի» մեր կոնցեպտի, որևէ արտառոց էլեմենտներ այստեղ չկան, և խոսքը գնում էր հաղորդակցության մաքսիմալ բացելու մասին: Հիմնականը, որ բացառում է 3-րդ կողմի վերահսկողությունը, անվտանգության կամ այլ ձևով պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տոտալ վերահսկումն այդ ուղիների: Երևի թե դա կարևորագույն ասպեկտն է», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Օգոստոսին փոխադարձ համաձայնությամբ կողմերը ճանապարհների ապաշրջափակման հարցը հանեցին խաղաղության պայմանագրից, բայց դրա շուրջ քննարկումները ոչ թե դադարել, այլ հակառակը ավելի են ակտիվացել: Օրերս էլ սահմանազատման հանձնաժողովների համանախագահներն էին իրենց հանդիպմանը հարցին անդրադարձել: Թեև մինչև անցած տարի այդ հարցով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբն էր զբաղվում՝ երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ, այսօր իշխող ուժի փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ հայկական կողմը բոլոր, այդ թվում՝ ապաշրջափակման հարցով նախընտրում է երկկողմ ձևաչափ:
«Որևէ մեկը այլ ֆորմատում երբ գալիս, մասնակցում է, ուզի-չուզի նաև իր շահերով է գալիս և այդ պրոցեսին մասնակցում է... երկկողմ ֆորմատը, իմ կարծիքով, արդյունավետ է եղել և պետք է շարունակել փորձել այդ ֆորմատով աշխատել», - ասաց նա։
Արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Պուտին
Չնայած հայկական կողմն այս հարցը ևս փորձում է քննարկել երկկողմ ձևաչափով, այդուհանդերձ այսօր Ռուսաստանի նախագահը պնդել է՝ ինչպես ապաշրջափակման, այնպես էլ հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերով պատրաստ են աջակցել կողմերին:
«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար: Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, սահմանազատման ու ապաշրջափակման շուրջ աշխատանքներին՝ 2020-22 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին համահունչ», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Տարածաշրջանային ապաշրջափակման բանակցություններին 44-օրյա պատերազմից հետո ակտիվ ներգրավված էր հենց ռուսական կողմը: Սակայն, եռակողմ աշխտանքային խումբը, որ ձևավորվել էր այդ հարցով զբաղվելու համար, մոտ մեկուկես տարի է՝ նիստեր չի անցկացնում, պատճառն էլ, ըստ հայկական կողմի, կոնսենսուսի բացակայությունն է: