Մատչելիության հղումներ

Երևանն ակնկալում է, որ թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը կժամանեն Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովի


Երևանն ակնկալում է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահները հաջորդ տարի կժամանեն Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ադրբեջանական «Կալիբրի» դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունները դեռ վերջնական մերժում չի համարում: Ադրջեջանի իշխանություններին մոտ կանգնած «Կալիբրը» երեկվա հրապարակման մեջ գրել էր, թե բարձր մակարդակի այցն առանց ստորագրված համաձայնագրի, պարտավորությունների կատարման վաղաժամ է:

«Չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է: Մենք ակնկալում ենք, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահներն այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որ ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրենց համար այստեղ հանգիստ լինի», - նշեց նա:

Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո Եվրոպական խորհրդի նախաձեռնած գագաթնաժողովովը տարին երկու անգամ է անցկացվում, հաջորդ գարնանը երկրների ղեկավարները Երևանում կհավաքվեն:

Էրդողանին և Ալիևին երևանյան հավաքին հրավիրելու մասին մի քանի օր առաջ արտգործնախարարն էր հայտարարել, Արարատ Միրզոյանի խոսքով՝ հրավերը դեռ բանավոր է հղվել, գրավոր դեռ չեն դիմել, իսկ կմասնակցե՞ն, թե՞ ոչ, ասել էր՝ քննարկում չի եղել:

Պաշտոնական արձագանք՝ մերժում կամ հրավերի ընդունում, Բաքվից ու Անկարայից չի եղել:

«Հիմա որ գան, ասելու եք՝ հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա որ չի գալիս, ասում եք՝ վայ չի գալիս... Ես չեմ կարծում, որ նման հարց (անվտանգության) պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան, և էլի պաշտոնյաներ կան, որ այցելել են Հայաստան, վերջերս պատգամավորներ եկան: Այնուամենայնիվ, այդ սառույցը պետք է կոտրել, ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովոուրդ, ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան: Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է, բայց շփումները շարունակվելու են, մենք այդ շփումները խորացնելու ենք», - նշեց ԱԺ նախագահը:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ադրբեջանական կողմի կամքն է պետք. «Կարծում եմ, որ այդ ցանկությունը և կամքը մոտ ենք դրան»:

Խաղաղության համաձայնագիրը համաձայնեցնելու պահից Ադրբեջանը չի հրաժարվում առաջ քաշած նախապայմաններից: Անցած 7 ամիսներին Բաքուն հասավ ղարաբաղյան խնդրով մոտ 3 տասնամյակ զբաղված Մինսկի խմբի լուծարման, բայց երկրորդ նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, շարունակում է պնդել: Չնայած Բաքվի շատ կոնկրետ ձևակերպմանը, որ դա է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանն, Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց. «Դա նախապայման չէ, դուք ասում եք նախապայման, իսկ ես կարող եմ ասել, որ դա անհանգստություն է: Ինչի՞ համար են իրենք դա ուզում, նրա համար, որպեսզի այսպես ասած՝ թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, ֆիքսված լինի, որպեսզի ապահովագրեն, որ վաղը, մյուս օրը նոր պատերազմ, պատերազմի առիթ չի լինի, որը իրականում լավ ցանկություն է, այլ հարց է, որ մենք համարում ենք, որ այդպիսի հարց բարձրացնելը տեղին չէ, և այդ հարցը լուծված է»:

«Մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից էլի ավելի հողի վրա խաղաղություն լինի, մեզ ժամանակ է պետք, ժամանակ է պետք, որ Ղարաբաղի բնակիչները ինչ-որ պահի, ինչ-որ մարդ ուզենա վերադառնա, վերադառնա այնտեղ», - հավելեց նա:

Իշխանությունը վերընտրվելու դեպքում պատրաստվում է Սահմանադրություն փոփոխել, վարչապետի կարծիքով՝ նոր տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվի հենց Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Բայց հանրաքվեի նախաձեռնությունը, պնդում են, ոչ թե ադրբեջանական պահանջի կատարում է, այլ՝ ներքին օրակարգ:

XS
SM
MD
LG