Մատչելիության հղումներ

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Բրյուսելում «վերադարձի իրավունքի» հարցերով կոնֆերանս է կազմակերպել


«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի լոգոն, արխիվ
«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի լոգոն, արխիվ

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը ֆրանսիական CAP Freedom of Conscience ոչ-կառավարական կազմակերպության հետ Բրյուսելում «Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով կոնֆերանս է կազմակերպել։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբարլին մասնակիցներին ներկայացրել է կազմակերպության ստեղծման հիմնական նպատակները, պնդել, թե «արևմտյան ադրբեջանցիներն» անցյալ դարի ընթացքում համակարգված և աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Ալեքբարլին խոսել է նաև «միլիարդավոր դոլարների հասնող նյութական վնասների և անչափելի մշակութային ժառանգության ոչնչացման» մասին, որը, իր ձևակերպմամբ, Հայաստանը պատճառել է ադրբեջանցիներին՝ համակարգված քաղաքականության հետևանքով։

Ըստ Ազիզ Ալեքբարլիի, չնայած բազմաթիվ կոչերին՝ Հայաստանը հրաժարվել է երկխոսություն սկսել համայնքի հետ։

Երևանից ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

Բրյուսելյան կոնֆերանսի ժամանակ Ալեքբարլին նաև վստահեցրել է, թե «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և համակեցությանը՝ համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից որդեգրված քաղաքական ուղու։

«Մենք վստահ ենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված պատմական որոշումները կապահովեն տարածաշրջանում խաղաղություն», - ասել է նա։


Առավել մանրամասն տե՛ս այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG