Մատչելիության հղումներ

«Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի». Արարատ Միրզոյան


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

«Ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի «Երասխ-Սադարակ հատվածը», - այսօր խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վստահեցնելով՝ Հայաստանով անցնող երկաթուղու հետ միասին պետք է ապաշրջափակվի նաև Նախիջևանով անցնող երկաթուղին, ընդ որում՝ համաժամանակյա:

«Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի, և դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման: Չկա տրամաբանություն, երբ որ կաշխատի, օրինակ, Հայաստանի հարավով անցնող երկաթուղին և չի աշխատի Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղին», - ասաց Միրզոյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, որի հարցին էլ պատասխանում էր արտգործնախարարը, արձագանքեց՝ եթե Ադրբեջանը չբացի Երասխ-Սադարակ երկաթգիծը, ապա TRIPP-ը Հայաստանին ոչինչ չի տալու:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Երասխ-Սադարակը պետք է բացվի, ինչից հետո արդեն գործարկվի Մեղրիից մինչև Ագարակ հատվածը, այսինքն՝ Սյունիքով անցնող ճանապարհը: Խաչատրյանը կրկնեց հարցը՝ կոնկրետ Երասխ-Սադարակ հատվածը բացելու ուղղությամբ Ադրբեջանի հետ աշխատանքներ կա՞ն, թե՞ ոչ:

Միրզոյանը կատարվող աշխատանքների մասով ոչինչ չասաց, միայն վերահաստատեց՝ Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի:

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամսվա սկզբին հրավիրած ասուլիսում մտահոգություն էր հայտնել, որ եթե Ադրբեջանը չբացի Երասխ-Սադարակ երկաթուղային ճանապարհը, և Հայաստանը Նախիջևանով դեպի Իրան ելք չունենա, ապա TRIPP-ից օգուտ են ստանալու բոլորը՝ բացի Հայաստանից: Քոչարյանն ընդգծել էր՝ Ադրբեջանը TRIPP նախագծով Երասխ-Սադարակ հատվածը բացելու որևէ պարտավորություն չունի:

«Կարող էր պնդել, որ «Թրամփի ճանապարհը» լինի ոչ թե 42-կիլոմետրանոց, այլ լինի առնվազն չորս-հինգ անգամ ավելի երկար՝ մինչև Երասխ», - ասել էր Քոչարյանը:

«Այո, պետք է ապաշրջափակվի Երասխ-Սադարակ այս Նախիջևան հատվածը ևս: Դուք ասում եք սկզբից նա, հետո նա, կամ համաժամանակյա, ես ասում եմ՝ ընդհանրապես էս ամբողջ ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե էդ կտորը չապաշրջափակվի: Ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա, համաժամանակյա՝ տրամաբանական ռացիոնալ բանով եմ ասում, նույն րոպեին նկատի չունեմ», - այսօր ասաց արտգործնախարարը:

2026 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ընթացքում, երբ Արարատ Միրզոյանը ներկայացնում էր, թե ինչ հաջողություններ է արձանագրել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց նրան՝ հանրությունն ակնկալում էր, որ արտգործնախարարը Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ընթացքում երկու կարևորագույն հարց լուծեր. - «Մեր սուվերեն տարածքներից Ադրբեջանի դուրս գալը՝ օկուպացված տարածքները, և երկրորդը՝ գերիների, պատանդ առնված անձանց ազատ արձակում: Ես էդ երկու հարցի վերաբերյալ որևէ ինձ բավարարող պատասխան չեմ տեսել, այդ թվում՝ անհետ կորածների հետ կապված»:

Արտգործնախարարը Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման մասով ասաց, թե շոշափելի արդյունք դեռևս չունեն, բայց, ամեն դեպքում, հորդորեց ընդդիմությանը՝ այս ուղղությամբ իրենց կողմից կատարվող աշխատանքները կասկածի տա չդնել:

«Ես կարող եմ, իհարկե, ասել, որ պատանդառված անձանց ազատ արձակումը մեր ամենօրյա աշխատանքն է, և առաջին հերթին Ադրբեջանի հետ խոսակցության մեջ դա առաջնային տեղ ունի, բայց դա կարող է հնչել որպես շաբլոն նախադասություն, էսպես ասած, թեմայից խուսափելու համար: Ստեղ մի բանում կհամաձայնեմ՝ քանի դեռ նոր շոշափելի արդյունք չկա, չեմ ուզում էդ շաբլոն նախադասությունը ասեմ», - նշեց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքին, ապա Արարատ Միրզոյանը վերահաստատեց այս հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտեցումը՝ այդ տարածքները կվերադարձվեն սահմանազատման արդյունքում, քանի որ, ինչպես շեշտեց արտգործնախարարը, Ադրբեջանին պատկանող որոշ տարածքներ էլ այսօր գտնվում են Հայաստանի հսկողության ներքո. - «Կան թղթով ճանաչված սահմանների՝ միջազգային սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են էսօր մեր Զինված ուժերի վերահսկողության ներքո: Եվ ուրեմն, ինչպե՞ս լուծել էս հարցը: Մեր խորին համոզմամբ՝ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով»:

Ընդդիմադիրներից Քրիստինե Վարդանյանն էլ հարցրեց՝ արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարը գոնե մեկ անգամ լսել է, որ Ադրբեջանի նախագահն ասի, թե իր զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, մինչդեռ Հայաստանի իշխանությունները պարբերաբար կրկնում են, թե Հայաստանի վերահսկողության տակ են Ադրբեջանին պատկանող տարածքներ. - «Մի հատ էլ ինձ հայտարարության օրինակ կբերե՞ք, որ Ադրբեջանը ասում է՝ «իմ զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է մի օր ըտեղից դուրս գան»: Որ փոխադարձությունը հասկանանք, էլի, էդ ձեր պայմանավորվածությունների, ի վերջո»:

Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց՝ եթե Հայաստանը կոնկրետ քառակուսի կիլոմետրով է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում, ապա ինչո՞ւ Իլհամ Ալիևը գոնե մեկ անգամ չի ասել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 743 կիլոմետրը:

«Մենակ քառակուսի կլիոմետրերի հռչակմամբ է՞ փոխադարձաբար ճանաչվում միմյանց տարածքային ամբաղջականությունը: Ասում եմ՝ ինչ կար, ինչ անհրաժեշտ է դրա համար, գրված է, գրված է և՛ Վաշինգտոնյան հռչակագրում, և՛ նախաստորագրված տեքստում», - ընդգծեց Միրզոյանը:

Ի դեպ, օգտվելով առիթից՝ արտգործնախարարը դաշնակցական պատգամավորին հարցրեց, թե որքա՞ն է կազմում Հայաստանի տարածքը:
Պատասխանը հիացրեց Արարատ Միրզոյանին, նա անգամ չհավատաց ականջներին՝ խնդրելով խորհրդարանին այդ պատասխանի տեսագրությունը փոխանցել իրեն:

«Սա շատ առանցքային է, որպեսզի ես հասկանամ», - հայտարարեց Միրզոյանը:

«29 հազար 800 քառակուսի կիլոմետր», - արձագանքեց Վարդանյանը:

«Դուք էդ նկատի ունեի՞ք Հայաստանի Հանրապետության տարածք», - հարցրեց նախարարը:

«Ես դա նկատի ունեի», - պատասխանեց դաշնակցական պատգամավորը:

«Հրաշալի է ուղղակի, ողջունում եմ Ձեզ և Ձեր ... Ըհը, տիկին Վարդանյան, խնդրում եմ՝ նույնը կրկնեք մեր մի քանի հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ Դուք Հայաստան ասելով ուրիշ բան նկատի ունեիք: Ազգային ժողովին էլ կխնդրեի վիդեոյի էս կտորը ինձ նորից տալ, որ ես տեսնեմ՝ ճիշտ լսեցի՞, ինչ որ լսեցի, թե՞ չէ», - ասաց Արարատ Միրզոյանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG