Մատչելիության հղումներ

Երևանի փոսերը «թանկ են նստում» վարորդների վրա

Քաղաքացին, որ չցանկացավ նկարահանվել, պատմեց, որ Երևանի ճանապարհներով երթևեկելու պատճառով իր որդին օրեր առաջ մոտ 300 հազար դրամ տուժել է։ Որդու մեքենան Ջրվեժի ճանապարհներից մեկի փոսն է ընկել, անվադողերն են պայթել ու էլի մասեր են վնասվել։

Սոցցանցերը ողողված են Երևանի բանուկ ճանապարհներին բացված անթիվ-անհամար փոսերի լուսանկարներով ու տեսանյութերով։ Մարդիկ ակցիաներ են անում, սեփական օրինակով Երևանի քաղաքապետարանին ցույց տալիս, որ մարդկանց տասնյակ ու հարյուր հազարավոր վնաս պատճառող այդ փոսերի հարցը լուծվող է։ Օրինակ՝ մեկ բահ ու 15 րոպե ժամանակ է պահանջվել, որ բլոգեր Էդուարդ Հայրումյանը ժամանակավորապես փակի Նանսենի փողոցի ամենամեծ փոսը։

Էդուարդը Նոր-Նորքում է ապրում ու աշխատում։ Նրա աչքի առաջ Լվովյան, Նանսենի ու Մասիվի մի շարք այլ փողոցների անմխիթար պատկերն է։

Մի մեծ փոսը վարորդին մի քանի հարյուր հազար դրամի վնաս կարող է պատճառել, մինչդեռ համայնքապետարանը մի քանի տասնյակ հազար դրամ ծախսելով կարող է հարցը ժամանակավորապես լուծել։ Քաղաքապետարանի անգործությունը Էդուարդը ավելի պատկերավոր համեմատություններով է ցույց տալիս. «Սառը ասֆալտ են նվիրել ինձ երկու պարկ, դրանով տեսանյութ եմ անելու և ցույց տամ, որ այսպես հեշտ լուծում էլ կա ժամանակավոր փոսերի լուծման համար և, այո, շարունակելու եմ։ Մեշոկը բացում եք, ասֆալտի մեջ բիտում խառնած պատրաստի բան է, տեղային փոքր փոսերի համար լուծում տալու շատ հեշտ բան է էլի, ինքը այնպես չի, որ փողոց ասֆալտապատելու համար է, բայց եթե ունենք մի տեղ փոս, մեծ պարկը 10000 դրամ է, որով կարելի է երկու քառակուսի մետր ծածկել ու ասենք, օրինակ իմ պատկերացմամբ՝ թաղապետանները պիտի ունենան, օրինակ, պահեստավորած սենց սեզոններին թեկուզ հարյուրական պարկ, որ ամենախնդրահարույց փոսերին ժամանակավոր լուծում տան»։

Երևանյան ճանապարհների այս բազմաթիվ փոսերը ձմեռվա ձյունը աղով մաքրելու պատճառով են, երկու օր առաջ պարզաբանել էր Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ փոսալցման աշխատանքները կսկսվեն ու խնդիրը կլուծվի։

«Այդ որ առաջ շուտ է հալեցրել ձյունը, լցվել է ասֆալտի տակ ու դա տրաքացրել է, ես էլ ասում եմ, եթե հեղեղատարները բացած լինեիք, որ աղը լցրել եք՝ ձյունը հալել է, այդ ջուրը կգնար հեղեղատարների մեջ, ու այդ ձեր ֆիզիկան էլ պետք չէր լինի բացատրել այստեղ, որ աղի պատճառով է եղել», - ասաց բլոգերը։

Քաղաքապետի խոստացած փոսալցման աշխատանքները դեռ Նոր-Նորք չէին հասել։ Դավիթ Բեկ պողոտայի ու այլ փողոցներում շատ փոսեր տեսանք։ Ակտիվ երթևեկելի ճանապարհներին բացված փոսերի պատճառով տուժած վարորդներ շատ կան։ Այսօր էլ հանդիպեցինք, բողոքում էին, բայց նկարահանվել չէին ցանկանում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ մեքենայի ծակված անվադողերի լուսանկարն էր այսօր տեղադրել։ Հետո «Ազատությանը» պատմեց, որ Բաղրամյանից Մաշտոց հատվածում են անվադողերը պայթել։

Մեր զրուցակիցը դեռ չի հաշվարկել՝ որքան է տուժել, եթե բախտը բերի, ասում է՝ մինչև 30 000 դրամ։

Քաղաքապետ Ավինյանը ենթականերին այսօրվա գործակարգավարական նիստին էլ պահանջեց զեկուցել՝ ի՞նչ են արել փոսերը լցնելու ուղղությամբ։ Տիգրան Ավինյանը պահանջեց, որ կատարած աշխատանքների մասին զեկուցեն նաև լուսանկարներով ու մանրամասն հաշվետվությամբ։





XS
SM
MD
LG