Երևանի Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարվել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։
Անվտանգային կանոնների պահպանման նպատակով այստեղ տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ են մեկնարկել, մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված։
Ավինյանը երեկ պնդել էր՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը դիտավորություն էր: Նա, սակայն, չէր բացահայտել՝ ինչն է նման պնդման հիմք հանդիսացել, միայն ասել էր, թե այդ հարցով խոսել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի հետ։
Ամռան ամիսներին Նուբարաշենում հրդեհները պարբերական են։ Վերջին մեծ՝ օգոստոսին բռնկված հրդեհը մի քանի օր տևեց։ Այդ դեպքում, սակայն, քաղաքապետարանից պնդում էին, թե աղբավայրում շոգից՝ ապակու մնացորդներից բռնկումներ են տեղի ունենում, աղբի տակ կուտակված մեծ քանակությամբ մեթան գազն էլ նպաստում է կրակի տարածմանը։
1950-ականներին ձևավորված աղբանոցը Հայաստանում ամենամեծն է համարվում: